Երբ կտրում էին ծառերը, ես լռում էի.

ես սեփական բանջարանոց ունեի:

Երբ գրաքննությունը վերադարձրին հեռուստատեսություն, ես լռում էի.

ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ:

Երբ խլում էին գործարարների սեփականությունները, ես լռում էի.

ես բիզնեսմեն չէի:

Երբ խաղաղ պայմաններում բանակում զինվոր սպանեցին, ես լռում էի.

իմ որդին այլևս զինակոչի ենթակա չէ:

Երբ փակում էին ճանապարհները ղեկավարության համար, ես լռում էի.

այդպես միշտ եղել է և միշտ կլինի:

Երբ նեղում էին եկվորներին, ես լռում էի.

ես եկվոր չէի:

Երբ հետապնդում էին հոմոսեքսուալներին, ես լռում էի.

ես հոմոսեքսուալ չէի:

Երբ կեղծում էին ընտրությունները, ես լռում էի.

ինձ համար միևնույնն է` ում կընտրեն:

Երբ բարձրացրին հասարակական տրանսպորտի ուղեվճարները, ես լռում էի.

ես սեփական մեքենա ունեմ:

Բայց երբ ինձ ապօրինաբար ազատեցին աշխատանքից,

երբ երեխայիս առանց կաշառքի մանկապարտեզ չընդունեցին,

երբ ինձ մեքենայի տակ գցեց հատուկ ազդանշաններով մեքենան,

երբ դեղատանը հրաժարվեցին տալ օրենքով ինձ վերապահված անվճար դեղորայքը,

ես արդեն ոչ ոքի չէի կարող դիմել: Էլ ոչ ոք չկար…

Շարունակելի....

Հ.Գ. Մեզ փոքրուց սովորեցնում են պատասխան տալ մեր արածների և ասածների համար, բայց դա ընդամենը մետաղադրամի մի կողմն է: Մեզ չեն սովորեցնում պատասխան տալ, ինչը պակաս կարևոր չի, նաև չասածների և չարածների համար: Երբ զուգահեռներ ենք անցկացնում և փորձում վերլուծել, հասկանում ենք, որ երկրորդ խումբը մեր կյանքում նույնպես շատ մեծ տոկոս է կազմում, երբեմն նույնիսկ ավելի մեծ չափաբաժին: Եթե վերացարկվենք կենցաղային խնդիրներից և փորձենք հարցը դիտարկել ավելի լայն տեսակետից, պարզ է դառնում, որ չարածների և չասածների հետևանքները շատ ավելի մեծ են, և ազդեցությունը կրում ենք ոչ միայն մենք, այլև մեր ընկերները, համաքաղաքացիները, հայրենակիցները:

Ու թող վերևում թվարկվածին ամեն մարդ իր մասով ավելացնի այն ամենը, ինչը ինքը կարող էր անել, բայց չի արել, կարող էր ասել, բայց չի ասել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել