Hayeli.am-ը գրում է.
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի և քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որևէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քար հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա և նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե՝ «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ»: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով ԱՌԱՆՑ ՊԱՐԶԵԼՈՒ ՆՅՈՒԹԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ հևիհև սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ և անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ:
Ցանկացած երևույթի մասին խոսելիս պետք է առանջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երևակայությանը և օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետևյալն է.
անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էր դասախոսության անցկացման ձևաչափը, տևողությունը և օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը և ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ՝ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաև դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար և որևէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, և սեռական դաստիարակությունը նախատեսված է նաև դեռահասների համար՝ ըստ տարիքային և բովանդակային առանձանահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տևել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի և քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց և անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով և ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթևամիտ սեռական կենսակերպի և սեռավարակաների հետևանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակաների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը և այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի և բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ և շնորհակական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր և խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից և հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու և չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին և տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է և լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետևանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը և խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որը վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի և հնչեցնելով անլուրջ և վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը և վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ և տևական քննարկումը անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ չես անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…