BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Այսօր ականատես եղանք մի երևույթի, որ, հետևելով շոուբիզնեսի մեր հարգարժան ներկայացուցիչների օրինակին, մեր համաքաղաքացիները իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում են կանգառներից: Նման բան մեկ էլ եղել էր 1988 թվականին, երբ բոլորս հավասար էինք, մի բռունցք էինք, որ հայը հային եղբայր էր: Ցավոք, այդ կարգի համախմբում մեզանում լինում է միայն ազգային գերխնդիրնեի պարագայում, իսկ այս ավելի քան 20 տարվա մեջ տեսանք, թե ինչպես շերտավորվեց մեր հասարակությունը, բաժան-բաժան եղավ տարբեր շերտերի ու խավերի, ինչպես առաջացան գնալով ավելի հարստացող հարուստների դասը և ինչպես՝ օր օրի ավելի աղքատացող աղքատներինը: Բայց այսօր հարուստները պատրաստ են իրենց ժամանակը տրամադրել ու իրենց մեքենաները ծառայեցնել հասարակ ժողովրդին: Եթե անգամ այս ուղևորափոխադրման թանկացման դեմ բողոքի ակցիան ինչ որ կերպ մարի, թեպետ ամեն ինչ պետք է անել, որ շարունակական լինի, հավատացնում եմ՝ սա իր դրական արդյունքն արդեն տվել է: Մենք նորից փորձում ենք դառնալ հավասար, բարեկամ ու եղբայր, անկախ սոցիալական վիճակից ու զբաղեցրած դիրքից: Եվ որքան այս ակցիան շատ շարունակվի, այնքան քաղացիական հասարակության կայացման այս դարակազմիկ փուլին ավելի շատ մարդ կմասնակցի: Մենք կանգնած ենք մի նոր ու պատմական քայլի նախաշեմին, և յուրաքանչյուրս մեր ուժերի ներածի չափով պետք է մասնակից լինենք դրան:
Ամենամեծ խնդրանքս նա է, որ միահամուռ ուժերով կարողանանք փայփայել նոր հարաբերությունների այս ծիլերը, իսկ շարունակությունը կգա ինքնըստինքյան: 
Ապրեք, բոլորդ ապրեք !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել