COVID-19-ը կարող էր սկսել տարածվել Չինաստանում դեռևս 2019-ի օգոստոսից: Այդ մասին հունիսի 9-ին հայտնել է Интерфакс-ը՝ վկայակոչելով Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների հետազոտությունը:

Հետազոտողները նման եզրահանգման են եկել 2018 թվականի հունվարի 9-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը Ուհան քաղաքում խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային նկարները, ինչպես նաև համացանցում որոնման միտումները վերլուծելուց հետո:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հիվանդանոցների կայանատեղիներում «կտրուկ աճ» են հայտնաբերել՝ սկսած 2019-ի օգոստոսից: Ամենամեծ թվով ավտոմեքենաները գրանցվել են 2019-ի դեկտեմբերին:

Բացի այդ, վերլուծությունը ցույց է տվել, որ չինական Baidu որոնողական համակարգում մեծացել են «հազ» և «փորլուծություն» բառերի որոնումները 2019-ի վերջին COVID-19-ի հաստատված դեպքերի ի հայտ գալուց մոտ երեք շաբաթ առաջ:

«Այս տվյալներն իրականում հատկապես համոզիչ են, քանի որ մենք տեսել ենք աղեստամոքսային հիվանդություն-փորլուծություն որոնող մարդկանց թվի ավելացում … և այժմ մենք գիտենք, որ ստամոքս-աղիքային ախտանշանները իսկապես կարևոր ցուցիչ են COVID-19- ի համար»,- ասել է Բոստոնի մանկական հիվանդանոցի գլխավոր ինովացիոն տնօրեն Ջոն Բրաունշտեյնը:

«Թեպետ մենք չենք կարող հաստատել, թե արդյոք ավելացված ծավալը (տրանսպորտի) ուղղակիորեն կապված է նոր վիրուսի հետ, բայց մեր տվյալները հաստատում են վերջերս կատարված այլ աշխատանքները, որոնք ցույց են տալիս, որ կորոնավիրուսի առաջացումը տեղի է ունեցել նախքան Huanan ծովամթերքների շուկայում վիրուսի հայտնվելը»,- ասել է Բրաունշտեյնը:

Նա հավելել է, որ այդ տվյալները հաստատում են նաև այն վարկածը, որ վիրուսը բնական ճանապարհով առաջացել է Չինաստանի հարավում և արդեն շրջանառվում էր Ուհանի կլաստերի առաջացման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել