Shantnews.am-ը գրում է․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Կոնգրեսի դեմոկրատ անդամները Կապիտոլիումում 8 րոպե 46 վայրկյան ծնկի են իջել։ Հենց այդքան ժամանակ էր Մինեապոլիսի ոստիկան Դերեկ Շովինը սեղմել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի պարանոցը, որը հանգեցրել էր վերջինիս մահվան։
Ծնկի իջնելուց առաջ Նենսի Փելոսին կարդացել է մի քանի մարդկանց անուններ, ովքեր ոստիկանական բռնության զոհ էին դարձել։
Reuters րատվական գործակալության փոխանցմամբ՝ ժամանակը լրանալուց հետո Փելսոին ասել է, որ դժվար է ծնկի իջած դիրքից վեր կենալ՝ հատկապես բարձրակրունկ կոշիկներով։ Մեկ այլ կոնգրեսական էլ ասել է, որ դա մի հավերժություն թվաց։
«Տեսնո՞ւմ եք, թե որքան երկար է նա ծունկը պահել նրա պարանոցին»,- նկատել է Փելոսին։
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության հետ վիճաբանությունից հետո մահացել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որն անզեն էր եղել: Ոստիկաններից մեկը մի քանի րոպե շարունակ ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մահացել էր հիվանդանոցում միջադեպից կարճ ժամանակ անց:
Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ցույցերը վերաճել են ռասայական խտրականության և ոստիկանների կողմից գործադրվող բռնության դեմ բողոքի ակցիաների և տարածում գտել ամբողջ աշխարհում։