Pastinfo.am-ը գրում է․

Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,-գրել է փաստաբանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտպանական կողմը նախապատրաստական փուլում միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կարճելու մասին եւ  Դավիթ Բալայանը ուսումնասիրելով գործի նյութերը հունիսի 5-ին որոշում է կայացրել վարույթը կարճել՝ երկու հիմքով՝ դատավարական ու քրեաիրավական նորմերի խախտման համար։

Հիշեցնենք, որ դատավոր  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն սկսվեցին մոտ մեկ տարի առաջ՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու եւ  քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին 2019 թվականի մայիսի 18-ի եւ 20-ի որոշումներից հետո։

Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Փաստենք, որ նաեւ մինչդատական վարույթում վերաքննիչ դատարանը՝  Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, արձանագրել էր, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է խախտումներով։ Մասնավորապես՝ Արսեն Նիկողոսյանը բավարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, իսկ որպես բեկանելու հիմք դիտարկել  այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Այս որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։

Չնայած Դ.Գրիգորյանի գործառույթային անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու մասին ՎԴ-ի արձանագրմանը, այդուհանդերձ, դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել