«Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում: Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 234,65 մլրդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է կորուստների կրճատում 1,62 տոկոսային կետով: «Ընկերության տվյալներով՝  նյութական ծախսերը կազմում են 11,4 մլրդ դրամ, ՀԾԿՀ տվյալներով՝ 7 մլրդ դրամ: Սպառողին վաճառվող գազի միջին գինը, ՀԾԿՀ առաջարկով՝ 1000 խմ համար նախատեսված է 266,71 ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից վերջնական սպառողին գազի փոխադրման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար»:

«Ռեզիդենտ բաժանորդների համար առաջարկվում է գործող սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց»,- նշեց Սարգսյանը:

«Ջերմոցային տնտեսությունների, պահածոներ, ըմպելիքներ և կաթնամթերք արտադրողների համար առաջարկվում է գազի սակագինը բարձրացնել 1000 խորանարդ մետրի դիմաց 212-ից մինչեւ 224 դոլար: Ջերմաէլեկտրակայաններին վաճառվող բնական գազի գինը ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետրի դեպքում կմնա նույնը՝ 139 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց: Ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելին օգտագործող սպառողների համար գինը կհաստատվի 255,92 դոլար չափով»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել