Եղիսաբեթ II-ը Միացյալ Թագավորության միապետն է արդեն ավելի քան վեց տասնամյակ, և այս ողջ ժամանակահատվածում նա ջանում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Թագուհու երկրպագուները գիտեն, որ հանրության առջև դուրս գալիս նա ընտրում է վառ գույնի կոստյում և գլխարկ: Եվ, ինչպես պարզվում է, գլխարկը նա ամեն անգամ հենց այնպես չէ կրում:

Իր կառավարման տարիներին թագուհին հանրության առջև դուրս է եկել ավելի քան 5,000 տարբեր գլխազարդերով: Իր հերթին թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսին կարծիք է հայտնել առ այն, որ բանն ամենևին էլ թագուհու՝ նորաձևությանը հետևելու ցանկության մեջ չէ: «Կարելի է ասել՝ գլխարկը թագուհու համար թագի նման մի բան է»:

90-ամյա միապետուհու մասին փաստավավերագրական ֆիլմում նրա հարսը՝ Ուեսոքսի դքսուհին, բացահայտում է նրա շարժառիթը. «Նա պետք է ինչ-որ կերպով առանձնանա, որպեսզի մարդիկ կարողանան ասել. «Թագուհուն եմ տեսել»: Միջոցառումների ժամանակ իր գլխարկներով թագուհին մշտապես առանձնանում է մյուսներից»: Թագավորական այլ կենսագիր Հյուգո Վիքերսն ասում է, որ «լիմոնագույն վերարկուով ու գլխարկով թագուհուն հեռվից էլ հնարավոր է լինում նկատել»:

Հայտնի է, որ թագուհին մի հագուստը երկու անգամ հազվադեպ է կրում: Իր հերթին նրա թիմը մանրամասնորեն արձանագրում է, թե Եղիսաբեթ թագուհին երբ ու որտեղ ինչ հագուստով է ներկայացել: Հայտնի է, որ միապետուհու զգեստապահարանի այն իրերը, որոնք նա այլևս չի կրելու, սովորաբար վաճառվում են: Արդարության համար վաճառքի հանվելուց առաջ Եղիսաբեթ թագուհու բոլոր հագուստների պիտակները հանվում են և դրանց վրայից հեռացվում են այն բոլոր հետքերը, որոնք թույլ կտան հասկանալ, որ այն պատկանել է թագուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել