Իմ շատ սիրելի և հարգելի ՀՀ կառավարություն,
Լսել եմ՝ ուզում եք Հայաստանում գույքի և եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ ներդնել։ Դե ինչ, զուտ իրավական հարցերը թողնենք մի կողմ ու մի քիչ փիլիսոփայենք։
Գիտեմ, որ ձեր հռչակած սկզբունքներն են՝ օրինականությունը, թափանցիկությունը և համընդհանուր սոցիալական պատասխանատվությունը։
Իսկ դուք գիտե՞ք որ․
1) Ցանկացած հասարակություն, որը պատրաստ չի այս կամ այն օրենքին, միշտ փորձելու է խուսափել դրանից։ Դուք ունե՞ք այնքան ռեսուրս և կամք, որ բոլոր «խուսափողների» հետևից գնաք։
2) Ցանկացած մարդ պետք է նախ և առաջ ունենա օրինական ճանապարհով «լավ ապրելու» տարբերակ։ Պաշտոնյաների համար այդ տարբերակն արդեն կա։ Իսկ հասարակ մարդկանց համա՞ր։
3) Հայաստանը ԴԵՌ այն պետությունը չէ, որտեղ իշխանությունը կարող է հասարակությունից պահանջել ՏՈՏԱԼ ենթարկվել ԽԻՍՏ օրենքներին։ Հասարակությունը ԴԵՌ պատրաստ չի դրան։
4) Որևէ մեկից իրավունք չունեք պահանջել եկամուտների թափանցիկություն, քանի դեռ ձերոնցից գեթ մեկ անձի թափանցիկության հետ կապված հարցեր կան։
5) Անհասկանալի է, թե ով է ձեր «թիրախը»։ Բոլո՞րը։ Եթե այո, ապա կարողանալո՞ւ եք գտնել բոլորի «լևի» եկամուտները և «պատժել» բոլորին։ Իսկ եթե գնալու եք միայն կոնկրետ «չդզող» անձանց հետևից, որպեսզի նրանց «դմփացնեք», ապա ․․․ չասեմ։
6) Ձեր ընտրած «բյուջեի լցման» այս ճանապարհն առնվազն արդար չէ։ Ավելի ճիշտ կլիներ աշխատել դրսից լրացուցիչ փող բերելու ուղղությամբ (ներդրումներ և այլն)։
7) Օրինակ, եթե ես պաշտոնյա լինեի, ապա բարոյական չէի համարի 1․000․000+ աշխատավարձ ստանալը՝ բարձրացված գույքահարկի և հասարակ քաղաքացիների «թաքնված եկամուտները» քերելու հաշվին։
8) Կոռուպցիոն սխեմաների դեպքում երկիրը միգուցե չի զարգանում։ Ձեր սխեմայի դեպքում ժողովուրդը ևս մեկ անգամ «փողազրկվում» է։ Թե ինչքանով է «փողազրկումը» նպաստելու զարգացմանը, մեեեեեծ հարց է։
9) Կարծես թե դուք պատկերացում չունեք հասարակության ԻՐԱԿԱՆ կարիքների ու մակարդակի և պետության ԻՐԱԿԱՆ հնարավորությունների մասին։
10) Եթե դուք եկել եք, որպեսզի «նախկինների» հասցրած «վերքերը բուժեք», ապա պարտավոր եք էնպես անել, որ նոր վերքեր չհասցնեք։
11) Ցավոք, մեր երկիրը դեռևս գտնվում է «ով ոնց կարում ա, գլուխը պահում ա» վիճակում։ Ողջամիտ չէ խիստ օրենքներ ընդունելը՝ էն «տեսլականով», որ խիստ օրենքների արդյունքում մարդկանց վիճակը կլավանա։
12) Օրենքները պետք է աստիճանաբար խստացնել՝ կյանքի մակարդակի բարձրացմանը զուգահեռ։ Եթե հակառակ կարծիք ունեք, ուրեմն չեք ճանաչում միջին վիճակագրական հային։
13) Օրենքը, որը համահունչ չէ հասարակության կենսամակարդակին, «կյանք» չի ունենա կամ էլ մաքսիմում կդառնա «անհատական հետապնդման գործիք»։
14) Միամտություն է կարծելը, որ թափանցիկությունը, հարկային ռեֆորմը և ՀՀ-ում առկա փողի «վերաբաշխումը» կարող են էական հարցեր լուծել։ Երկիրը «դրսից ֆինանսական սրսկումների» կարիք ունի։
15) Բարձր իրավագիտակցությամբ չօժտված հասարակությունում հնարավոր չէ օրենքով կարգավորել այն, ինչ անկառավարելի է։
16) Եթե մտածում եք, որ խիստ օրենքներով կարող եք հասարակության իրավագիտակցությունը բարձրացնել, ապա ճիշտ չեք մտածում։ Դիմակների օրինակը ցույց է տալիս, որ դուք չեք կարողանում enforce անել այն օրենքները, որոնք հասարակությունը համարում է անարդար։
17) Պետությունը փորձադաշտ չէ։ Եթե ձեր գաղափարը չստացվի, ապա ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՔ ՈՒՆԵՆԱ ասել՝ «դե փորձեցինք ժողովրդին դարձնել գիտակից, բայց չստացվեց»։ Դուք պարտավոր եք ցանկացած քայլից առաջ գնահատել հաջողության հասնելու ռեալ շանսը։ Պարտավոր եք նաև գնահատել, թե հաջողության չհասնելու դեպքում որքան վնաս կհասցնեք։
18) Ապօրինի եկամուտ ունենալը վատ բան է։ Բայց ամսական 500․000 դրամից պակաս եկամուտ ունենալն ավելի վատ բան է։
19) Պետք է հանեք ձեր վարդագույն ակնոցները։ Նախ, մարդկանց կյանքի որակը պետք է բարելավվի։ Դրանից հետո միայն կարող ենք խոսել միջին վիճակագրական քաղաքացու կերպարը «փոխելու» մասին։ Դուք անում եք հակառակը։
20) Այսօր դուք ԴԵՌ պարտավոր եք համակերպվել միջին վիճակագրական քաղաքացու կերպարի հետ։
21) «Օրենք հարգելը» մարդու մոտ «բնական առաջնահերթություն» կլինի միայն այն դեպքում, երբ նա իր գնահատմամբ կապրի արժանապատիվ կյանքով։ Մինչ էտ, «բնական առաջնահերթություն» կլինի ավել շատ փող ունենալը։ Դուք սա պետք է հասկանաք։
Բնականաբար, ձեր ճակատը չեմ պաչելու էս գաղափարի համար։ Գաղափարին մաղթում եմ վաղաժամ «մահ»։
Հուսով եմ՝ հաջորդ կառավարությունը կլինի վերը նշված գաղափարախոսության կրող։ Միգուցե այս գաղափարախոսությունը լավագույնը չէ, բայց դրան հակադրվելը ՀՀ-ի համար ավելի վնասակար կլինի։
Ի դեպ, ձեր համար նոր անուն եմ մտածել՝ «digital բռնապետություն»։



