«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ»: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Ի սկզբանե հակահամաճարակային միջոցառումները մենք իրականացրել ենք այն ուղղությամբ, որ հայտնաբերենք բոլոր հվանդներին ու նրանց շփման շրջանակը: Որոշակի սահամանափակումների միջոցառումներ եւս իրականացրինք, բայց դա հնարավոր չէր երկար ժամանակ անել, դրա համար այսօր առաջարկում են երեք կարեւոր միջոցառում»,- ասաց նա՝ թվարկելով դրանք:
Ըստ Վանյանի՝ առաջին միջոցառումն է՝ շարունականական իրականացնել վարակվածների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Այս ամենը հնարավորություն կտա որոշակիորեն կանխարգելել վարակի տարածումը:
Երկրորդ կարեւոր գործընթացը տնտեսվարողներին եւ տարբեր մեծ կազմակերպություններին, որտեղ տարածման հավանականությունը շատ մեծ է, կոչ անել պահպանել պարետատան սահմանած կանոնները:
Երրորդը՝ բնակչությանն ուղղված երեք ուղերձ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ձեռքերի հիգիենա:
«Վերջին դեպքերը՝ հոգեհանգտի արարողություն եւ, ինչու ոչ, ծննդյան ու այլ խնջույքներ, ցույց տվին, որ եղել են փոքր բռնկումներ: Փաստերը ցույց են տվել, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում այսօր ունենք մի ամբողջ գյուղ հիվանդներ: Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ի մոտ դրական արդյունք էր: Մարդը, կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»,- ասաց Վանյանը: