Ֆրանսիացի աշխարհառչակ նկարիչ Էդուարդ Մանեի այս կտավը` «Նախաճաշ արվեստանոցում»-ը, 1869 թ. ներկայացվել է ֆրանսիական գլխավոր գեղանկարչական ցուցահանդեսին՝ փարիզյան Սալոնում: Որոշ քննադատներ դրանում մի շարք թերություններ են հայտնաբերել :

Առաջին պլանում պատկերված երիտասարդը մինչ օրս հանելուկային կերպար է և սկանդալային կետ Մանեի կենսագրությունում : Դա Լեոն Լեենհոֆն է : Նրա մայրը՝ Սյուզաննա Լեենհոֆը, երիտասարդ Մանեին և նրա եղբայրների երաժշտության ուսուցչուհին էր : Սակայն թե ով էր նրա որդու՝ Լեոնի հայրը, Մանե՞ն, թե՞ նկարչի հայրը, մինչ օրս չի պարզվել : Էդուարդը, սակայն, որոշ ժամանակ անց ամուսնացել է Սյուզաննայի հետ և դաստիարակել Լեոնին, որը կա՛մ նրա եղբայրն էր, կա՛մ որդին :

 

1869 թ. ցուցահանդեսին այցելուներն ու քննադատները հուսով էին, որ ներկայացվող կտավ իրենց ինչ-որ բան կպատմի ու կբացահայտի : Սակայն, իրականում, այն ոչ մի պատմություն էլ չի բովանդակել : Էդուարդ Մանեի կտավում պատկերված են մարդիկ, սակայն նա ամեն ինչ այնպես է կազմակերպել, ասես կտավը նատյուրմոդ լինի : Նկարչին հետաքրքրում էր ոչ թե դրամատուրգիան, այլ կտավիմանրամասներն ու գույները, մանր առարկաները :

Հետաքրքրական է, որ կտավում սեղանի վրա միաժամանակ հնարավոր է նկատել սուրճ և ոստրեներ : Քննադատները նշում էին, որ իրական ֆրանսիացիները երբեք սուրճը ոստրեների հետ չեն մատուցում : Սակայն ոստրեներն ընդամենը մոխրագույնի կրողներ են կատվում, ինչն էլ հենց գրավում ու հետաքրքրում էր Մանեին :

Ի դեպ, «Նախաճաշ արվեստանոցում» կտավից 5 տարի առաջ արված «Նախաճաշ խոտերի վրա» կտավում Էդուարդ Մանեն ևս արտասովոր լուծումներ էր տվել. կտավի հերոսները պիկնիկի համար վերցևել էին կեռաս և թուզ, մինչդեռ կեռասը հասունանում է մայիս ամսին, իսկ թուզը՝ սեպտեմբերին :  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել