ArmDaily.am-ը գրում է․

Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։ 

«Այս պահին դիմակի արտադրությունը ամբողջությամբ աշխատում է, թեստեր են հանձնել, պատասխանները բացասական են եղել, հիմա սպասում ենք, որ թույլ տան մնացած արտադրամասերը ևս աշխատեն։ Դիմակի արտադրամասում դեպք չենք ունեցել, մենք անմիջապես թեստավորել ենք մարդկանց, իրենք ոչ մեկի հետ կոնտակտ չեն ունեցել, առանձին արտադրամաս է, մնացած աշխատակիցները, ովքեր կոնտակտավոր են համարվում, այս պահին տանը նաստած են։ Ձեռնոցի արտադրամասը չի գործում»,- ասաց Եզեկյանը։ 

Եզեկյանի խոսքով արտադրամասում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները. «Վիրուսը կենցաղից է գալիս, բոլորն էլ դրսում ինչ որ շփումներ են ունեցել ու արդեն դրսում վարակված են եղել, այստեղ հեռավորությունը այնպես է դասավորված, որ միմյանց մոտ  չեն էլ լինում, մեկը մյուսի տարածք չի էլ մտնում»։

Անդրադառնալով վարակված աշխատակիցների առողջական վիճակին, նա նշեց, որ բոլորն իրենց լավ են զգում, անգամ տաքություն չունեն. «Ոչ մի ծանր դեպք չունենք, երևի չենք էլ ունենա, քանի որ առաջին դեպքի հաստատվելուց հետո անցել է մոտ 14 օր։ Վարակված է նաև հերթափոխի պետը»։

Նշենք, որ «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության Բերդի արտադրամասում աշխատում է 800 մարդ։ Ընկերությունն արտադրում է շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ։

Հավելենք, որ մեր տեղեկություններով Բերդ խոշորացված համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում կորոնավիրուսի դեպքերի լայն տարածում կա, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ի աշխատակիցների մեծ մասն այս համայնքից են։ Այստեղ վերջին օրերին նաև միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է վարակվածներից մեկի ընտանիքի անդամը։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել համայնքապետից։ Մեզ հետ զրույցում Բերդի համայնքապետը նշեց, որ տեղեկություն ստանալու համար դիմենք մարզպետարան։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Վերին Ծաղկավանի վարչական ղեկավարի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել