Իոսիֆ Ջուղաշվիլի Ստալինն անձնական կյանքում նույնքան ոչ միանշանակ էր, որքան մյուս բնագավառներում: Առաջին կնոջ՝ Կատյայի մահից հետո նա ուշքի չէր գալիս, սակայն հետագայում նրա կյանքում բազմաթիվ այլ կանայք հայտնվեցին: Ստալինի կյանքի ամենասկանդալային պատմությունը կապված է Լիդիա Պերեպրիգինայի հետ, ում հետ նա հարաբերություններ էր սկսել սիբիրյան խուլ գյուղում:
Կուրեյկա կոչվող գյուղը, որտեղ աքսորվել էր Ստալինը, գտնվում էր սիբիրյան տայգայի խորքերում՝ ներկայիս Կրասնոյարսկում: Այդ ժամանակ Ստալինն արդեն 36 տարեկան էր: Իր հարազատներին նա նամակով տեղեկացրել էր, որ գյուղը խուլ է, և որ այնտեղ ապրելը բավականին բարդ է: Սակայն, ինչպես պարզ է դարձել հետագայում, Իոսիֆը Կուրեյկայում լավ ժամանակ է անցկացրել: Նա այնտեղ զբաղվել է որսով, ընկերացել տեղի բնակիչների հետ:
Տանը, որտեղ նա բնակություն էր հաստատել, ապրում էին որբ երեխաներ: Նրանք յոթն էին՝ հինգ տղա և երկու աղջիկ: Լիդիա Պերեպրիգինան այդ երեխաներից մեկն էր, ով ընդամենը 14 տարեկան էր: Ստալինը սիրում էր նստել և ժամանակ անցկացնել երիտասարդների հետ:
Ստալինի ու Լիդիայի սիրավեպը պատմական փաստ է: Քանի որ Լիդիան անչափահաս էր, Ստալինը բավարարվում էր նրան ամուսնության խոստումներ տալով, երբ աղջիկը չափահասության տարիքի կհասնի: Սակայն այդ միության արդյունքը եղավ ոչ թե ամուսնությունը, այլ երկու հղիությունները: Առաջին երեխան մահացավ, իսկ երկրորդին տվեցին Ալեքսանդր անունը և հոր ազգանունը՝ Ջուղաշվիլի:
Երեխան ծնվեց 1917 թ., իսկ Ստալինը Կուրեյկա գյուղն ավելի վաղ էր լքել՝ 1916-ին: Պատմաբանները գրում են, որ նա թողել է հղի Լիդիային՝ այդպես էլ չամուսնանալով նրա հետ: Սակայն Լիդիան կտրականապես հրաժարվում էր որդուն տալ Ստալինին, չնայած որ վերջինս դա էր առաջարկում: Ամեն դեպքում, երեխային տվեցին հոր ազգանունը:
Ստալինը դաժանաբար էր վերաբերվում հարազատների հետ, անգամ ճնշումների էր ենթարկում առաջին կնոջ եղբորը, սակայն Լիդիայի վրա ձեռք բարձրացնել նա չէր համարձակվում: Լիդիան բարեկեցիկ գյուղական կյանք էր վարում. ամուսնացել էր տեղի գյուղացիներից մեկի հետ և ունեցել ևս 8 երեխա: Բողոքում էր միայն նրանից, որ բազմազավակության համար պետությունն իրեն չի վճարում: Նրա մասին վերջին նորությունները ստացվել են 1950 թ., երբ մահացել էր ամուսինը, իսկ նա շարունակում էր մեծացնել երեխաներին:
Ալեքսանդր Ջուղաշվիլին դարձավ Դավիդով, քանի որ նրան որդեգրել էր Լիդիայի ամուսինը: Տղան ևս արժանավայել կյանք էր վարում. նա ավարտել էր Կրասնոյարսկի տեխնիկումը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել էր առաջնագծում, այնուհետև որպես շինարար աշխատել: Երբևէ չի փորձել ապացուցել իր կապը հարազատ հոր՝ խորհրդային առաջնորդի հետ։