Armtimes.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավավարել է իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Ստեփանյանի ձերբակալման որոշումը: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը դեռ չի ստացել:

Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Կասկածանքը չի ընդունել, մնացած առումով ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից»: Պաշտպանը նշեց, որ Մարտիրոսյանը մինչ այս պահը ունի կասկածյալի կարգավիճակ:

Մյուս քաղաքացու՝ Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեր զրույցում նշեց, որ Համբարձումյանին որեւէ ծանուցում ուղարկած չեն եղել, բերման են ենթարկել կոպիտ ձեւով, ապա՝ ձերբակալել: Ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այդպիսով, Ստեփանյանի ձերբակալումը եւս ճանաչվել է ոչ իրավաչափ:

Համբարձումյանը եւս կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Իմ պաշտպանյալը կասկածանքը չի ընդունել, որովհետեւ այդ մարդու (նկատի ունի՝ տուժողի,- խմբ.) նկարագրված գործողությունները ոչ մի ձեւ հստակ չեն, պարզ չեն, իսկ ինչ վերաբերում է բռնության ենթարկված լինել-չլինելուն, այդ հարցերի վերաբերյալ ավելի ուշ կխոսենք»:

Էլբակյանն ընդգծեց, որ Քննչական կոմիտեն ամեն ինչ անում է նշված անձանց մեղադրանք առաջադրելու համար. «Ժամը մեկին նշանակված էր մեր բողոքի քնությունը, իսկ քննիչները ժամը տասնմեկին մեզ կանչում են, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ խափանման միջոցի միջնորդություն ներկայացնեն դատարան, այս գործողությունները գնահատում ենք ուղղորդված»: Պաշտպանի խոսքով՝ Համբարձումյանին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ, քննիչների այդ փորձը չի հաջողել:

Թե Մարատ Ստեփանյանը, թե Լեւոն Համբարձումյանն արդեն ազատ են արձակվել:

Հիշեցնենք՝ երեկ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի՝ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Դրա առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Ուշ երեկոյան արդեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ըստ ՔԿ-ի՝ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ. Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան. «Շուրջ կես ժամ ծեծելուց հետո Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․ Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ. Մ․-ի եղբայրը՝ Գ. Մ․-ն և Ա․ Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել