Համացանցում հռետորական հարցադրումներ են հնչում, թե Կապանում իրավիճակի անկառավարելիությունը զսպելու նպատակով արդյո՞ք իշխանությունները կգնան ուժի կիրառման ճանապարհով, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այո, հակառակ պարագայում ի՞նչ կարիք կա մայրաքաղաքից լրացուցիչ ուժեր տեղափոխելու Սյունիք:

Առավել զավեշտալի են, սակայն, իշխանության աջակիցների «փորձագիտական» միջավայրում շրջանառվող տեսակետները, թե «թավշյա» միջոցները պետք է փոխարինել կոշտ հարկադրական գործողություններով: Եվ սա այն դեպքում, երբ դեռ մեծ հաշվով ոչինչ տեղի չի ունեցել և կա ամենախաղաղ բնույթի բողոքի ակցիա, երբ ոչ ոք կոչեր չի հնչեցնում քարերով ու մահակներով զինվելու, բարիկադներ կառուցելու, երբ դեռ չեն այրվել ավտոմեքենաներ ու չեն թալանվել խանութներ, երբ ընդհարումներ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել, երբ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր չեն հնչեցվել, երբ բարեբախտաբար զոհ չունենք և տա աստված չունենանք:

Կրկնակի զավեշտ է, երբ նույն այդ մարդիկ առ այսօր մեղադրում են երկրորդ նախագահին 2008 թ. մարտի 1-ին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու հարցում, երբ արդեն կար նույնիսկ զոհ, երբ հապաղելն անխուսափելի էր դարձնելու անհամեմատ մեծ կորուստներն ու պատճառված վնասները: Եվ այդ մարդիկ ցինիկաբար հրճվում են, երբ Ռ. Քոչարյանի հանդեպ այսօր կիրառվում է ապօրինի կալանք:

Հ. Գ. «Կան ոչ սակավ մռայլ ու դյուրագրգիռ ուղեղներ, որոնք ուրախանում են միայն այն ժամանակ, երբ չարիք են գտնում այնտեղ, որտեղ այն չկա»: Ժան Բատիստ Մասիյոնի այս բնութագրումը տիպական է ոչ միայն 17-րդ դարի Ֆրանսիայի, այլև մեր օրերի Հայաստանի համար, ավելի ճիշտ՝ «ձվի մեջ մազ փնտրող» դատարկամիտների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել