Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 19-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էր։ Քննարկման թեման էր, թե ինչով է զբաղված Հանրային խորհուրդը։ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ուղղված իր խոսքերին, որոնք քննադատվեցին հասարակական ու քաղաքական շատ գործիչների, այդ թվում` իշխանական պատգամավորների կողմից, ներողություն խնդրեց Էլիբեգովայից ու հանրությունից՝ նշելով․ «Այո, իմ կողմից տգեղ քայլ է եղել։ Ես նրա արտաքին տվյալներին ակնարկ եմ արել։ Ես ներողություն եմ հայցում տիկին Էլիբեգովայից ու հանրությունից նման ակնարկ անելու համար»։
Հանրային խորհրդի նախագահը, որը պետք է ոչ թե նպաստի, այլ կանխի ատելության խոսքը, թիրախավորել է նաև հեռուստաընկերություններին.
Պետրոս Ղազարյանն ավելացրեց. «Ասեմ՝ ինչու․ Դուք, լինելով Հանրային խորհրդի նախագահ, քաղաքականապես լոյալ չեք։ Դուք գրառումներ եք անում չորս վարչապետերի մասին, որոնք եկել էին միջնորդելու, որպեսզի Քոչարյանի կալանքը փոխվի, նրանք էլ էսպես են անում»։
Հիշեցնենք, Ստյոպա Սաֆարյանն իր կազմակերպված միջոցառմանն արգելել էր «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը։ Փաստացի, լրատվամիջոցների հետ չի համագործակցել և հարաբերությունները վատթարացրել է հենց Ստյոպա Սաֆարյանը, իսկ այժմ ակնակալում է համագործակցություն։
Պետրոս Ղազարյանը նշեց․ «Վազգեն Մանուկյանին էինք ասում, որ, լինելով Հանրային խորհրդի նախագահ, քաղաքական գնահատականներ էր տալիս, հիմա նույնը Դուք եք անում։ Ձեր գործունեությանը որ նայում ենք, տպավորություն է, որ Դուք պայքարում եք նախկինների դեմ։ Դուք Հանրային խորհրդի նախագահ եք, ինչո՞վ եք Դուք զբաղված՝ էս ֆեյքն էս ասեց, էն ասեց։ Մարդիկ ասում են՝ պրն Սաֆարյանը չի գիտակցում իր հանրային պաշտոնը։ Ֆեյսբուքում մեկը սենց ասեց, Ձեր պրոֆիլը տարան, Ձեր պրոֆիլը բերեցին, սա Հանրային խորհրդի նախագահի օրակարգ չի։ Ո՞ւր է հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը»:
Իսկ Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե «Ձեզ նաև քննադատում են, թե ինչո՞ւ Միքայել Մինասյանի խոհանոցային լայվերը չեք դարձնում խորհրդի քննարկման առարկա», Սաֆարյանը պատասխանեց․ «Չեմ ուզում, չեմ դարձնում»: