Armtimes.com-ը գրում է․

Երկու շաբաթ անց ծնողներն արդեն կկարողանան հայտագրել առաջին դասարան ընդունվող իրենց երեխաներին։ Հունիսի 1-ից սկսվում է առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման առաջին փուլը, որը կտեւի մինչեւ հունիսի 10-ը։ Այս փուլը, սակայն, նախատեսված չէ բոլորի համար, այլ տվյալ հաստատությունում աշխատողների երեխաների եւ նրանց համար, որոնք նույն դպրոցում ունեն սովորող քույր կամ եղբայր։

Հիշեցնենք, որ այն համայնքներում, որտեղ դպրոցը միակը չէ, առաջին դասարանցիների ընդունելությունը տեղի է ունենալու առցանց։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է հայտագրման ուղեցույցը։

Վերը նշված խմբերին համապատասխանելու դեպքում հունիսի 1-10-ը պետք է մուտք գործել hayt.emis.am կայք, բացվող պատուհանում ընտրել մարզն ու համայնքը, այնուհետեւ սեղմել «դիտել դպրոցները» կոճակը։ Հաջորդ պատուհանում անհրաժեշտ է ընտրել նախընտրած դպրոցն ու սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։

Արդեն բացված պատուհանում պետք է լրացվեն անհրաժեշտ տվյալները՝ ծնողի եւ երեխայի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ-ն՝ սոցիալական քարտի համարը), անուն-ազգանունն ու բջջային հեռախոսահամարը։

Համակարգում կլինեն «տվյալ դպրոցում ունեմ երեխա», «աշխատում եմ տվյալ դպրոցում» կոճակները։ Առաջինի դեպքում հարկ կլինի լրացնել նաեւ տվյալ դպրոցում սովորող երեխայի տվյալները։

Հունիսի 11-ից՝ ժամը 11։00-ից, համակարգը կբացվի բոլորի համար, արդեն՝ հավասար պայմաններով եւ հիմնականում նույն քայլերի հաջորդականությամբ։

Ի դեպ, եթե դպրոցն ընտրելու ժամանակ առկա կոճակը մոխրագուն է, նշանակում է, որ տվյալ հաստատությունում ազատ տեղեր չկան։

Այն մարդիկ, որոնք ունեն իրավունք եւ միեւնույն ժամանակ ցանկանում են իրենց երեխային հայտագրել ռուսաց լեզվով դասարան, ապա համապատասխան կոճակը կգտնեն վերեւի հատվածում։

Եթե մուտքագրված տվյալներում ամեն ինչ ճիշտ է, համակարգը հայտագրվելու մասին կծանուցի։ Ծնողի հեռախոսահամարին կուղարկվի անհատական կոդ։ Դրանով, ի դեպ, կարելի է չեղարկել հայտագրումը եւ մեկ այլ դպրոց դիմել։

Ընթացքում առաջացող խոչընդոտներից խուսափելու համար մինչեւ հունիսի 1-ն անհրաժեշտ է ստուգել ծնողի եւ երեխայի տվյալները stugum.emis.am կայքի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել