Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը:
Քաղաքային իշխանությունների տրանսպորտային պատասխանատուների հավաստմամբ՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվել են, տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր:
Սահմանված կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և /կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը:
Երևանի մետրոպոլիտենը ևս իր աշխատանքները սկսել է սահմանված գրաֆիկի համաձայն՝ առավոտյան ժամը 7-ից բոլոր գնացքներն ախտահանված դուրս են եկել գիծ:
Երևանցիներին ուղերձ է հղել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը. կարևոր է այս ժամանակահատվածում դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն հետևել սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Միջոցառումների նպատակը հանրային առողջության ու անվտանգության պահպանումն է: