Politik.am-ը գրում է․

Ստյոպա Սաֆարյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում և կրկին կանանց վիրավորելու, նրանց մարմնի մասին կեղտոտ համեմատություններ անելու համար։ Այս անգամ Սաֆարյանի թիրախում է հայտնվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

Մենք, իհարկե, չէինք անդրադառնա սույն անձին, եթե նա պատահաբար և իշխանության թեթև ձեռքով չզբաղեցներ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը։ Փաստ է, որ Սաֆարյանը ոչ միայն խախտում է ՀԽ նախագահի համար սահմանված էթիկական կանոնները, այլև անցնում մարդկային թույլատրելի սահմանները։ 

Հիշեցնենք, որ նախկինում մի քանի անգամ Սաֆարյանը հասցրել է համանման սկանդալներում հայտնվել։ Տարիներ առաջ նա պիտակավորել էր երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին։ Սաֆարյանը նրանց մասին գրել էր․«․․․Ավելի լավ է մի՛ ամուսնացեք, որ քոքներդ կտրվի: Ուղղակի հակակրելի եք, եւ դեռ մեղմ եմ արտահայտվում: Պոպոկն ու պնդուկն արդեն դատողություններ են անում․․․»։

Իշխանափոխությունից հետո նա թիրախավորել էր հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանին։ Սաֆարյանն այս անգամ էլ անցել էր մարդկային էթիկայի կանոնները և Մարինա Խաչատրյանին պիտակավորել «սմքած կրծքերով կին»։ Հետո, երբ Խաչատրյանը հայտարարել էր նրան դատի տալու մասին, Սաֆարյանն ասել էր․ «Եթե նա վատ զգար, ՀՀԿ-ի դեմ կդիմեր, երբ իր կրծքերին ձեռք տվեցին, Գոռ Վարդանյանի դեմ կդիմեր: Ինչի՞ց է վիրավորվել»:

Ամիսներ առաջ էլ Սաֆարյանը մի կին լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր․ «Դուք ինձ հրավերներ մի՛ ուղարկեք՝ ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Մենք փորձեցինք հոգեբանից ճշտել, թե ի՞նչ խնդիրների դեպքում կարող է տղամարդն իրեն այսպես դրսևորել կանանց նկատմամբ՝ թիրախավորել նրանց, խոսել նրանց արտաքին տեսքից, որոշ դեպքերում ծաղրել նրանց արտաքին տեսքը։ Հոգեբան Հայկ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդու նման դրսևորումները կարող են խոսել այն մասին, որ անձը մանուկ կամ պատանի հասակում ճնշումների և բռնության է ենթարկվել կանանց կողմից։ Նա կամք և ուժ չի ունեցել այն ժամանակ պաշտպանվելու և հիմա, երբ արդեն  հասուն է, փորձում է կանանց նկատմամբ նման կեցվածքով «վրեժ լուծել» իր նկատմամբ բռնություն գործած կանանցից կամ կնոջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել