Hartak.am-ը գրում է.
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը շնորհավորել է Յաիր Աուրոնին նրա ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանության հրատարակման առիթով:
«Հրեա ժողովուրդը զգացել է ցեղասպանության ցավը և առաջինը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարևոր է, որ հրեա մտավորականությունը հայերի ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջով ազդի Իսրայելի Կնեսետի վրա: Մեր երկու ժողովուրդները շատ նմանություններ ունեն, ուստի մենք պետք է մեր ուժերը իրար միացնելով աշխարհն ավելի լավը դարձնենք: Եվ դրա կարևոր դերակատարները մտավորականներն են»,– ասել է Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը Յաիր Յաբանին ու Յաիր Աուրոնին ծանոթացրել է Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին:
Իր խոսքում ցեղասպանագետը նշել է, որ այն ինչ անում է Սփյուռքի նախարարությունը ողջունելի է ու արժանի գովասանքի: «Սա կարևոր ասելիք է այն համաշխարհային հանրությանը, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Տարաբնույթ նախաձեռնություններով մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել աշխարհում և հասնել ցանկալի արդյունքի»,– ասել է նա:
Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակված սփյուռքի նախարարության գրքերը: