Pastinfo.am-ը գրում է․

Քանի դեռ մենք ունենք որպես ՍԴ դատավոր նշանակված անձինք, վերջիններիս պաշտոնավարման պայմաններում այլ անձանց նշանակումը խաթարում է բոլոր հնարավոր իրավական փաստաթղթերով սահմանված պահանջները։ Դա անգամ մեկնաբանման ենթակա չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Խաչիկյանը։ 

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրենսդիր իշխանության իշխող խմբակցությունը ՍԴ «հարցը» լուծելու համար քննարկում է երկու տարբերակ՝ ՍԴ 7 դատավորի թեկնածու առաջադրելն ու ընտրելը կամ ԱԺ-ի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որն էլ իր հերթին ունի երկու տարբերակ՝ կամ կդադարեցվեն ՍԴ 7 դատավորների լիազորությունները, կամ կկիրառվի պաշտոնավարման 12-ամյա ժամկետի սահմանափակումը, որի հիմքով կդադարեցվեն ՍԴ երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը:

Ինչ վերաբերում է Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխմանը, Խաչիկյանը նշեց, որ հոդվածը նախատեսված չէ որպես հանրաքվեի միջոցով փոփոխվող դրույթ, բայց պետք է մոտենալ ոչ միայն ֆորմալ իրավական տեսակետից, այլև՝ իրավունքի էության դիրքերից։

«Այնքանով, որքանով սահմանված է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ենթադրում է, որ ՍԴ գործող դատավորների մոտ դա ձևավորել է իրավական սպասում, օրինական սպասում, որ վերջիններս շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Բացի այդ՝ դատական իշխանության անկախության ապահովման երաշխիքային դրույթ է, որ մինչ այս նշանակված անդամները շարունակում են պաշտոնավարել։ Պետք է առաջնորվենք ոչ միայն ձևական տրամաբանական, ֆորմալ իրավական ասպեկտով, այլև՝ իրավունքի էության, անձանց օրինական սպասումների պատշաճ և համարժեք իրականացման հրամայականներով»,- ասաց Խաչիկյանն՝ ընդգծելով, որ առաջարկվող երկու տարբերակներն էլ կենսունակ լինել չեն կարող:

Հարցին, թե ինչ մեխանիզմներ կարող են օգտագործվել՝ օրենքը չխախտելու և չշրջանցելու համար, օրինակ՝ նոր Սահմանադրության ընդունման տեսքով, Խաչիկյանն արձագանքեց. «Շատ մեխանիզմներ կան, որոնցից մեկը Դուք մատնանշեցիք՝ նոր Սահմանադրության ընդունում: Առհասարակ ՍԴ պետական մարմնի դերը, գործառույթները տարբեր երկրներում տարբեր կերպ են բաշխված: Երկրներ կան, որտեղ այդ գործառույթներն իրականացնում են վճռաբեկ բարձրագույն ատյանները, երկրներ կան, որտեղ անգամ ընդհանուր իրավասության դատարաններին է վերապահվել նման գործառույթ: Մենք որևէ պարտադիր պահանջ չունենք անպայման ունենալու մասնագիտացված ՍԴ և սկզբունքորեն ոչինչ չի արգելում սահմանադրական փոփոխությունների օրակարգում դնել ՍԴ ունենալ-չունենալու հարցն ինքնին, բայց դա պետք է արվի Սահմանադրական փոփոխությունների ձևաչափով, մինչև այդ քննարկելով փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, լավագույն գիտական ներուժն է պետք օգտագործել՝ հասկանալու մեզանում որ մոդելն է ավելի արդյունավետ»:

Խաչիկյանը վստահեցնում է՝ իրավական առումով այդտեղ ոչ մի խնդիր չկա և որևէ մեկը չի կարող ասել, որ, եթե ՍԴ չլինի, ՀՀ-ն կարող է ենթարկվել իրավական անվտանգության հետ կապված լուրջ ռիսկի:

Ըստ նրա՝ ՍԴ-ն լուծարելը տարբերակ է, բայց դա պետք է արվի միայն Սահմանադրական փոփոխությամբ:

«Քանի դեռ մենք ունենք Սահմանադրություն, որով սահմանված է ՍԴ-ն՝ որպես առանձին, ինքնուրույն, անկախ պետական մարմին, մենք չենք կարող ընթացիկ օրենսդրական ակտերով դա վերացնել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել