Armdaily.am-ը գրում է․

Տնտեսվարողների գլխին պատուհաս դարձած նոր Հարկային օրենսգրքի ընդունումը հետո ձեռնարկատերերի համար ծուղակ էր: Բանն այն է, որ Հարկային օրենսգիրքը սահմանում է մի դրույթ, որի համաձայն՝ Հարկային օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Եվ ամենակարևորը, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից: Պրակտիկայում բազմաթիվ վեճեր են առաջանում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, քանզի տնտեսվարողներին էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված փաստաթղթերը ուժի մեջ են մտնում անկախ այն ստանալու փաստից և հարկ վճարողները պնդում են, որ շատ դեպքերում իրենք փաստացի որևէ փաստաթուղթ չեն ստանում: Հարկ վճարողները չունեին ապացուցման գործիք հավաստելու, որ հարկային մարմնի ուղարկած փաստաթուղթը չի ստացվել: Չկարողանալով վեճերը հարկային մարմնի հետ լուծել՝ մի շարք տնտեսվարողներ դիմել էին ՀՀ վարչական դատարան: Դատարանի պրակտիկան սկսեց զարգանալ հակասական ուղղությամբ, որոշ դատավորներ գտնում էին, որ վարչական մարմինը չպետք է ապացուցի հարկ վճարողին ուղարկված փաստաթղթի ստացված լինելը, քանզի օրենքը չի պարտադրում նման ապացուցման բեռ կրել: Որոշ դատավորներ Հարկային օրենսգրքի դրույթները մեկնաբանում էին այլ եղանակով: Ամիսներ առաջ Վարչական դատարանի դատավորներից Ռաֆիկ Խանդանյանը ստեղծված իրավիճակից ելնելով դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել այդ վիճելի դրույթի սահմանադրականությունը:

Սահմանադրական դատարանը մի քանի ամիս տևած գործի քննությունից հետո 2020 թվականի մայիսի 12-ին կայացված որոշմամբ, ի զարմանս հարկային մարմնի, արձանագրեց, որ Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթը այնքանով, որ նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին: Սահմանադրական դատարանի նման որոշումն աննախադեպ բնույթ ունի, նախ, որ Հայաստանի պրակտիկայում հիմնականում դատաարանը պրակտիկորեն սահմանափակվում է գործող իրավական նորմերով և մարդու իրավունքների վերականգնումը հենց այդ շրջանակներում է դիտարկում` չփորձելով կասկածել գործող օրենքի որևէ դրույթի սահամանադրականության վրա, ինչի արդյունքում տուժում է արդարադատության իրականացումը և երկրորդ փաստը, որ Սահմանադրական դատարանն էլ է այս պարագայում հանդես եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Նշենք նաև, որ Սահամանդրական դատարանը մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ժամկետ է նախատեսել օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու համար: Որոշումը հասանելի է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում (ՍԴՈ-1529):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել