Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով, զուգահեռաբար սահմանափակումները հասցվեցին նվազագույնի։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի երկնընտրանքի ֆոնին՝ խստացումը կարող է փլուզել երկրի տնտեսությունը, մեղմացումը՝ հանգեցնել համավարակի անկառավարելի իրավիճակի։

Արդյոք սա Փաշինյանի միակ երկընտրանքն է, որից նա գլուխ չի հանում։ Իսկ Ամուլսարի երկընտրանքը․ բնապահպանական խնդիրները կարևո՞ր են, թե՝ դրա հետևանքով օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումը կանխեն։ Ավելի գլոբալ երկընտրանք է Ղարաբաղյան հարցի կարգավորումը՝ Փաշինյանը մեղմացնում է դիրքորոշումը, դա կարող է հանգեցնել աշխարհի ուժի կենտրոնների կողմից զիջման գնալու պարտադրանքի, կոշտացնում է դիրքորոշումը, դա կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման, արդյունքում՝ պատերազմի։

Ինչպես տեսնում ենք, հարցը լինի լոկալ՝ ինչպես Ամուլսարը, համաշխարհային՝ ինչպես կորոնավիրուսի հետևանքների հաղթահարումը, թե տարածաշրջանային կոնֆլիկտ՝ ինչպես Արցախի հարցը, Փաշինյանը երկար-բարակ խոսում է, իրարամերժ հայտարարություններ անում, վերջում մեղադրում ժողովրդին, որ նրանք մի դեպքում չեն հասկանում, որ պետք է բացեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը, մյուս դեպքում պետք է իրենք պահպանեն անվտանգության կանոնները, հակառակ դեպքում համավարակի տարածման պատասխանատվությունն իրենց վրա կլինի, մեկ այլ դեպքում իրենք պետք է հանրաքվեի միջոցով որոշեն՝ Արցախի հարցում իշխանությունները գնա՞ն զիջումների, թե՞ չէ։

Փաշինյանի վարքագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա իր անտաղանդ կառավարման մեջ հասել է կատարելության, այսինքն՝ տաղանդավոր անտաղանդ։ Առավոտից երեկո խոսել-խոսել ու ոչինչ չասել, դրա համար իսկապես տաղանդ է պետք։ Առավոտից երեկո շփվել ժողովրդի հետ ու այդչափ մեկուսանալ նույն ժողովրդից, անհաղորդ մնալ նրա ցավուդարդին, սրա համար տաղանդ պետք չէ՞։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մի ձեռքում, պատասխանատու ամենաբարձր պաշտոնը զբաղեցնել ու որևէ բեռ իր ուսերին չվերցնել, որևէ ձախողման համար պատասխան չտալ, սա առանց տաղանդ հնարավո՞ր է՝ լինել երկրի ամենաանպատասխանատու պատասխանատուն։ Այսքան շտապել՝ օր առաջ ամեն ինչ փոխել ու երկու տարվա ընթացքում ոչինչ չփոխել՝ առանց տաղանդի, իրո՜ք, անհնարին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել