Վրաստանն արդեն հայտարարում է, որ պատրաստ է ամռանը տուրիստներ ընդունել: Այս երկրի կառավարությունը կարողանում է հաշվել ու պլանավորել, ինչը ցույց տվեց վարակի դեմ տարված արդյունավետ պայքարը, հիմա էլ ակնկալում է, որ Հայաստանից այլ երկրներ մեկնել պատրաստվողները չեն կարողանա գնալ, ու հավանականությունը շատ է, որ կմեկնեն հենց Վրաստան:
Վրացիները հենց այսօրվանից ասում են, որ, հայեր ջան, եկեք Վրաստան, իսկ Հայաստանի կառավարությունը հենց այսօրվանից պետք է աշխատի գովազդել, հայտարարել ու պայմաններ ստեղծել, որ մեր երկիր ամռանն այցելեն կամ Ռուսաստանից, կամ Իրանից:
Ամենահավանականը Ռուսաստանն է, ու օրախնդիր է ՌԴ իշխանությունների հետ այս հարցով աշխատելը: Մեզ դժվարին աշուն է սպասվում, ամռանը պետք է «սոցիալական ճարպ» կուտակել, որ հանգիստ հանենք գալիք ձմեռը: Հույս ունեմ, որ ՀՀ իշխանություններն այսօրվանից կհայտարարեն, որ տուրիստներ ընդունելու են ու սպասելու են այդ մարդկանց, հիմա հանգիստը վերապլանավորելու շրջան է մարդկանց մոտ: Կարծում եմ` կարելի է Լարսից ավտոբուսներով մարդկանց Հայաստան տեղափոխելու երթուղիներ ևս մտածել: