Armdaily.am-ը գրում է․
Մայիսի 12-ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մեկ օր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին անհայտ անձը հեծանվով փորձել է վրաերթի ենթարկել, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Հաջորդ օրը ոստիկանությունը տեսանյութ հրապարկեց, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես են բերման ենթարկել Բաղդասարյանին վրաերթի ենթարկել փորձող քաղաքացուն։ Հեծանվորդի փաստաբանները բողորքարկել էին ձերբակալման իրավաչափությունը, որից հետո՝ բերվել էր կալանքի միջնորդություն, արդյունքում՝ երեկ դատարանը ժամը 5-ին քննում էր ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանների բողոքը և կալանավորման միջնորդությունը, որը ներկայացրել էր քննչական մարմինը։ Միաժամանակ, մի խումբ քաղաքացիներ դատարանի բակում իրենց բողոքն էին հայտնում գործընթացների օրինականության վերաբերյալ։ Այդ քաղաքացիներին նույնպես ոստիկանությունը բերման էր ենթարկել։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Ռուբեն Մելիքյանը այդ քաղաքացիներին իրավաբանական օգնություն էր ցուցաբերել։ ArmDaily.am-ի հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ հեծանվորդի կողմից կատարված գործողությունների առնչությամբ տեղեկությունների չի տիրապետում, սակայն իր համար անհասկանալի է մեղադրանքը, որ առաջադրվել է այդ անձին։ «Իրավաբականան տարրական գիտելիքներ ունեցող անձին ուղղակի չի կարող հասկանալի լինել, թե ինչ մեղադրանք է առաջադրվել այդ երիտասարդին, որովհետև Քրեական օրեսնգրիքի 316-րդ հոդվածը սահմանում է, որ դրանով տուժող կարող են լինել իշխանության այն ներկայացուցիչները, որոնք իրավունք ունեն անսահմանափակ թվով անձանց կամ իրենց ենթակայության տակ չգտնվող անձանց կարգադրություններ ներկայացնել։ Տառացիորեն սա նշանակում է, որ խոսքը ոստիկանության ներկայացուցիչների մասին է, որոնք կարող են հասարակական վայրերում ինչ-որ պահանջներ ներկայացնել, թե այս կամ այն վայրում մի քայլի, կամ կանգնի։ Պատգամավորը որևէ կերպ չի կարող նման պահանջ ներկայացնել, հետևաբար, նման հոդված պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դեպքում կիրառելի չէ»։
Մելիքյանն ընդգծեց, որ իր համար բացարձակ անհասկանալի է նման մեղադրանքը։ «Սա շատ լուրջ ահազանգ է և կա հիմնավոր մտահոգություն, որ իշխանություններն կորոնավիրուսը որպես առիթ են օգտագործում, որպեսզի քաղաքական հետապնդում իրականացնեն։ Իշխանությունը շարունակում է արտակարգ դրությունը և արգելում հավաքների անցկացումը, միաժամանակ, բերում և ընդունում են խիստ վիճելի նախագծեր, իսկ դրանց դեմ բողոքողների նկատմամբ հետապնդումներ են իրականացնում բացարձակ անհեթեթ իրավական հիմնավորումներով՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Այս ամենը բացարձակապես չի կարող ոչ միայն իրավաչափ, այլև տրամաբանական համարվել»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, ում ինքը իրավաբանական օգնություն է ցուցաբերել՝ իրականում բողոքի ակցիա չեն իրականացրել, որևէ մեկը կոչ չի արել, որպեսզի մարդիկ հավաքվեն այդտեղ և այս տեսանկյունից դա հավաք չի կարող համարվել, առավել ևս, որ սոցիալական հեռավորությունը պահպանվել է»,-ասաց նա։ Մելիքյանը նաև ընդգծեց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հանրությանը հրաժարվել է ներկայացնել եղելությունը։ «Սա տարօրինակ է, եթե անձը հրապարակային անձ է, նման հաղորդում է ներկայացրել, եթե այդ հաղորդման շրջանակներում անձն է ազատությունից զրկվում, արդյո՞ք ժողովրդավարությունը չի ենթադրում, որ նա ներկայացնի եղելությունը, որ հանրությունն էլ հասկանա՝ նոմալ է անձին ազատությունից զրկելը, թե նորմալ չէր»,-ասաց Մելիքյանը։
Միջադեպի առնչությամբ նաև ArmDaily.am-ի փորձեց մեկնաբանություն ստանալ Նիկոլայ Բաղդասարյանից, սակայն նա նշեց, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս, թեև մինչ այս միջադեպը նա նման հարցազրույցներ տալիս էր։