168.am-ը գրում է․

Կառավարությունը միաձայն հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նախագծի նպատակն ու խնդիրն է՝ աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

«Ծրագրերը երեքն են: Առաջինը՝ վարկային միանվագ աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիպոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը, երկրորդը՝ կանխավճարի ապահովագրության համար աջակցությունն է երիտասարդ ընտանիքներին, երրորդը՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցություն հիպոթեքային վարկ մարող ընտանիքներին»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ 2020 թ. պետական բյուջեով այս ծրագրերի համար արդեն նախատեսված է 526 մլն 760.000 դրամ:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով` ծրագիրը դրականորեն կանդրադառնա ժողովրդագրական ռազմավարության վրա:

«2018 թվականին Կառավարության քննարկմանն էր ներկայացվել ժողովրդագրական երկարաժամկետ ռազմավարությունը, որը նմանատիպ բազմաթիվ կոնկրետ ծրագրային առաջարկներ ուներ իր մեջ: Այն, սակայն, առանց կարդալու և հետամուտ լինելու՝ մի կողմ դրվեց, և իշխանափոխությունից հետո անցում կատարվեց առավելապես պոպուլիստական մոտեցումների՝ ժողովրդագրական աջակցության իմաստով: Ոչինչ չտվող պետական ծրագրեր ու ծախսեր իրականացրին, խոսքս վերաբերում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարի բարձրացմանը, հետո՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի բարձրացումը. Սա ճիշտ ճանապարհ չէ՛ր և չի՛, առիթ ունեցել ենք բազմիցս այդ մասին փաստարկելու՝ նաև միջազգային փորձը վկայակոչելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ նոր ծրագիրն ունի իրական տրամաբանություն.

«Կարծում եմ՝ հաշվի առնելով նաև մասնագիտական բազմաթիվ շրջանակներից հնչող հորդորները և նախկին ծրագրերը, ռազմավարական փաստաթղթերի մշակումները՝ ի վերջո կառավարությունը և, մասնավորապես, ոլորտի պատասխանատու նախարարությունը բերում է մոտեցում, որտեղ առավելապես թիրախավորվում է երրորդ և հաջորդ երեխան: Սա արդեն հասկանալի է՝ որպես ժողովրդագրական ծրագիր:

Այլ հարց է, թե նոր ծրագրերն ինչ արդյունավետությամբ կիրականացվեն, և մտավախությունը, ռիսկերը հիմնականում վերաբերում են առաջնահերթություններին, թե այդ սահմանափակ միջոցները որքանով ճիշտ առաջնահերթություններով կհասնեն մարդկանց»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ վերջին երկու տարիներին երկրում ժողովրդագրական ցուցանիշներն էապես վատացել են, և այս տեսանկյունից դրական գնահատեց այն,  որ կառավարությունն այս հարցում էապես վերանայել է իր մոտեցումը:

Հարցին, թե ոքանո՞վ է հասանելի և հասցեական ծրագիրը, և արդյոք անգամ առաջարկվող պայմաններով ընտանիքներն ունե՞ն հնարավորություն ձեռք բերելու բնակարաններ, Թ.Ավետիսյանը պատասխանեց.

«Խնդիրները, այո, բազմաթիվ են. առաջինը, որ սոցիալական շեշտադրումն այստեղ նորից կորսված է, որովհետև եթե դուք պայմանը նայեք, այնտեղ ասվում է, որ տվյալ շահառուն պետք է 12 ամիս իր վարկային պարտավորությունը լիարժեք կատարած լինի:

Ըստ այդմ՝ դուրս է մնում մի ամբողջ հատված, որը չնայած ունի հիպոթեքային վարկ, չնայած իրենց ընտանիքում հուլիսից հետո նորից ծնվում է երեխա, բայց չեն կարողանա օգտվել այդ ծրագրից, որովհետև իրենց վարկային պարտավորությունները չեն կարողացել պատշաճ կատարել:

Լավ օրի՞ց է, իհարկե ո՛չ. Մանավանդ երիտասարդ ընտանիքները, մանավանդ այս նոր իրավիճակով պայմանավորված՝ գուցե կորցրել են աշխատանքը կամ կայուն եկամուտը և չեն կարողացել իրենց վարկային պարտականությունները կատարել: Այսինքն՝ աջակցության իրական հասցեատերերն ի սկզբանե դուրս են թողնված այս պայմանով:

Մյուսը՝ գումարի չափը և տրամադրման ձևը. Նախ՝ նշվող 500.000 դրամը, օրինակ՝ այդ 30 միլիոն դրամ հիպոթեքային վարկի մեջ, որոշման վրա մեծ ազդեցություն չի կարող թողնել. Այստեղ իրականում շարունակվում է նորից միանվագ աջակցության տարբերակով, ինչը սխալ է (նորից կան ավելի պոպուլիստական տարրեր, քան իրական աջակցություն):

Տնտեսագետը հույս հայտնեց, որ գուցե մի օր միանվագ աջակցությունները կփոխարինվեն պարբերական աջակցությամբ.

«Դրա ամենաարդյունավետ ճանապարհը կլինի այն, որ կապվի եկամտահարկի հետ, այսինքն՝ նոր երեխայի ծնունդով երեխայի ծնողի եկամտահարկը պետք է որոշակի չափով նվազեցվի՝ ամենամեծ շեշտադրումը դնելով երրորդ և հաջորդ երեխաների համար. Սա կլինի իրական, ժողովրդագրական ծրագիր, որն ունի նաև միջազգային լայն փորձ:

Մեր պարագայում, սակայն, այս լուծումը կարծես բաց ենք թողել, քանի որ այսօրվա կառավարությունն արդեն համահարթեցրել է եկամտահարկը, ինչը հակասոցիալական մոտեցում է»:

Հիշեցնենք՝ ըստ Կառավարության այսօր հատատած ծրագրի՝ Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

1) երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն  դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն  դրամով,

3) շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը,

4) հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

27. Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.

1) վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝  5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,

2) վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝  25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է,

3) վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝  8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է, և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

4) վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝  35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է, և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել