Ափսոսում եմ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական է ներկայացրել: Անձնապես չեմ ճանաչում նրան, ուստի այս իրադարձությունն ինձ հետաքրքրում է պետական կառավարման և ոլորտային բարեփոխումների համատեքստում:

Պետական կառավարում

Օրինաչափություն է դարձել այն, որ պետական բարձրաստիճան պաշտոններից հերթով դուրս են գալիս մարդիկ, ովքեր կայացած մասնագետներ են եղել նախքան պաշտոնի նշանակվելը: Սարհատ Պետրոսյան, Հովհաննես Քոչարյան, Հակոբ Ճաղարյան, Սմբատ Գոգյան՝ շարքը կարելի է շարունակել: Պատճառը թերևս հետևյալն է. արդեն իսկ կայացած և պետական համակարգից դուրս իրենց արժանի կարգավիճակն ունեցող պրոֆեսիոնալները մոտիվացիա չունեն գնալու անսկզբունք կոմպրոմիսների և իրենց ներքին անկախությունը չեն փոխարինում անվերապահ հավատարմությամբ, ինչի պատճառով էլ հեռանում են: Թրենդն այնպիսին է, որ շուտով պետական համակարգում կմնան նրանք, ովքեր լոյալությունից բացի ոչինչ չունեն առաջարկելու:

Գիտակրթական ոլորտ

Գոգյանի հրաժարականն արձանագրում է ոլորտային հերթական ձախողումը: Ես, իհարկե, չեմ հավատում, որ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ ու սկզբունքային անհատը կարող է հանկարծ դառնալ բարձրաստիճան պետական պաշտոնյա ու հիմնովին բարեփոխել այնպիսի բարդ ոլորտ, ինչպիսին գիտությունն է: Իրական բարեփոխումներն առանց ուժեղ թիմի, ռեսուրսների ու քաղաքական աջակցության անհնար են: Այսինքն, նման հնարավորություն երբեք էլ չի եղել: Բայց հավատում եմ, որ նման մարդու ներկայությունը արգելակի դեր կարող էր ունենալ այնպիսի բացասական երևույթների առաջացման ու ծաղկման համար, ինչպիսիք են հովանավորչությունը, կոմֆորմիզմը, աշխատանքի իմիտացիան և այլն: Այսուհետ գիտության ոլորտում այս արգելակն էլ չկա, ինչի առթիվ գիտության ոլորտի շահառուները մտահոգվելու լուրջ պատճառ ունեն:

Գոգյանի հրաժարականն ընդամենը մի կետն է մեր գիտակրթական համակարգի հոգեվարքի խճանկարում: Մեր հանրակրթությանը վերաբերող բարեփոխումները սահմանափակվում են «Եկեղեցու պատմության» առարկան հանել-չհանելով, բարձրագույն կրթությանը՝ «Հայոց լեզու» անցնել-չանցնելով, իսկ գիտահետազոտական ոլորտինը՝ կուրսայինների գովազդի դեմ պայքարով: Երկու տարվա ընթացքում չի հաջողվել նույնիսկ մեկ օրենք ընդունել բարձրագույն կրթության մասին: Երկու տարվա ընթացքում չի հաջողվել նույնսիկ ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպել: Բայց հաջողվել է թշնամացնել բոլորին՝ ԱՅԲ-ից սկսած ԵՊՀ-ով ու ՀՊՏՀ-ով վերջացրած:

Իրավիճակը այսպիսին է, և այլ կերպ լինել չի կարող: Պատճառների մասին՝ մի ուրիշ առիթով: Չնայած՝ բոլորդ էլ գիտեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել