Կանադական Կալգարի կենդանաբանական այգին հնդկեղեգի պակասի պատճառով պատրաստվում է վարձակալության մասին պայմանագրի ժամկետից շուտ Չինաստանից բերված երկու պանդայի հայրենիք վերադարձնել, հայտնում է CBC News լրատվականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ պայմանագրի համաձայն՝ սկզբնապես ծրագրվել է պանդաներին վարձակալության հիմունքով մինչև 2023 թվականը Կանադայում պահել։
Նշվում է, որ այգու աշխատակիցները Էր Շունա և Դա Մաո անունով պանդաներին կերակրելու համար մի քանի անգամ մեծ քանակությամբ հնդկեղեգ ներկրելու ապարդյուն փորձեր են ձեռնարկել։
«Սա չափազանց մեծ սթրես է մեր անձնակազմի և կենդանիների համար։ Պատկերացնու՞մ եք՝ մի քանի օր շարունակ հնդկեղեգ չենք ունեցել»,- նշել է կենդանաբանական այգու ղեկավար Կլեման Լանտյերը։
Պանդաների սննդակարգը գրեթե ամբողջությամբ կազմված է թարմ հնդկեղեգից, որից օրական կենդանին կարող է միջինը մինչև 40 կգ ուտել։
Նշվում է, որ մինչև համավարակի սկիզբը բույսը Չինաստանից շաբաթը երկու անգամ բերվել է Կանադա, սակայն այժմ ուղիղ չվերթները չեղարկվել են։ Արդյունքում սկսել են ոչ որակյալ բույսեր ներկրել, որոնք պանդաները հրաժարվում են ուտել։
«Ուտելիքը, որով կերակրում ենք, նրանց դուր չի գալիս․ այն չափից շատ չոր է»,- պարզաբանել է տնօրենը և տեղեկացրել, որ այս շաբաթ հույս ունեն, որ կենդանիներին հայրենիք վերադարձնելու թույլտվություն կստանան։