Շատ մարդիկ չեն գնահատում պարզագույն իրերն ու երևույթները, քանի որ դրանց վրա հատուկ ուշադրություն անգամ չեն դարձնում: Նման երևույթներ են, օրինակ, մաքուր օդը, արևի լույսը, անձրևի կաթիլները, բոբիկ խոտերի վրա քայլելը, թռչունների դայլայլը: Դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ չեն լսում Դավիդ Վետերի պատմությունը, ով երազում էր այդ պարզագույն երևույթները զգալու մասին:

Դավիդը ծնվել է 1971 թ. Ջոզեֆ և Քերոլ Վետերների ընտանիքում, որոնք երազում էին մեծ ընտանիք ստեղծելու մասին: Ամուսիններն արդեն իսկ ունեին մի դուստր, սակայն երկրորդ երեխան էին ցանկանում ունենալ: Երբ լույս աշխարհ եկավ որդին, վերջինիս մոտ ախտորոշեցին SCID կոչվող սարսափելի հիվանդությունը, որը գենետիկական արատ է համարվում: Հիվանդության առկայության պարագայում մարդը դիմադրողականություն չի ունենում վիրուսների և մանրէների նկատմամբ, հետևաբար կարող է մահանալ անգամ ամենասովորական գրիպից: Դա տեղի էր ունեցել Վետերների առաջին որդու հետ: Բժիշկները զգուշացրել էին, որ ամուսնական զույգի բոլոր երեխաների մոտ այդ արատն առկա է լինելու, սակայն հիվանդությամբ տառապելու են միայն տղաները, քանի որ աղջիկները, որպես կանոն, պարզապես գենի կրողներ են: Սակայն Ջոզեֆն ու Քերոլն այնքան էին ցանկանում որդի ունենալ, որ որոշեցին ևս մեկ հնարավորություն օգտագործել : Այդպիսով՝ լույս աշխարհ եկավ Դավիդը:

Բժիշկները նույն ախտորոշումն արեցին Դավիդի համար, սակայն չգիտեին ինչպես բուժել հիվանդությունը: Այդ իսկ պատճառով առաջարկեցին Դավիդին իր քրոջից ոսկրածուծի փոխպատվաստում կատարել: Վիրահատությունը հաջող ընթացք ունեցավ, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոսկրածուծը չի արմատացել: Տղային իր համար վտանգավոր շրջակա միջավայրից հեռու պահելու համար բժիշկները որոշեցին նրան տեղավորել օդի ֆիլտրացման հնարավորություն ունեցող փակ պղպջակի մեջ: Ոչ ոք չգիտեր՝ կգա՞ արդյոք մի պահ, երբ հիվանդության բուժումը կգտնվի, սակայն բժիշկներն ու ծնողները չէին հանձնվում և լավատես էին: Անցան շաբաթներ, ամիսներ, տարիներ, Դավիդը մեծացավ, սակայն ոչինչ չփոխվեց: SCID-ի բուժումը չէր գտնվում, հետևաբար տղան շարունակում էր մնալ պլաստիկե պղպջակի մեջ: Նա շփվում էր ծնողների և քրոջ հետ, ընդունում էր հայտնի հյուրերի, որոնք այցելում էին տղային՝ իրենց զորակցությունը հայտնելու, սովորում էր դպրոցական ծրագրով և հույս ուներ մի օր դուրս գալ պղպջակից: Մի օր դա վերջապես տեղի ունեցավ:

NASA-ի աշխատակիցները ևս հետաքրքրված էին Դավիդի պատմությամբ, այդ պատճառով նրա համար ստեղծել էին հատուկ սկաֆանդր, որով տղան կկարողանար դուրս գալ փողոց և զբոսնել: Այդ պահերը դարձան տղայի կյանքի ամենաուրախ և երջանիկ րոպեները:

Երբ լրացավ Դավիդի 12 տարին, երկրի իշխանությունները հավաքեցին բժիշկների խորհուրդ՝ քննարկելու համար երեխայի հիվանդությունը: Բժիշկներին հիվանդությունն ուսումնասիրելու համար ֆինանսավորում էին, սակայն արդյունք չէր գրանցվում: Եկան եզրակացության, որ հնարավոր ամեն ինչ արել են, սակայն SCID-ի բուժում գտնելը պարզապես անհնար է: Այդժամ նրանք առաջարկեցին տղային տալ հակաբիոտիկներ, որոնք, բնականաբար, որոշ ժամանակ անց նրան կսպանեին: Սակայն ծնողները որոշեցին ոսկրածուծի նոր փոխպատվաստում կատարել. չէ՞ որ բժշկությունը մեկ տասնամյակի ընթացքում զարգացել էր: Սակայն վիրահատության ընթացքում տղայի օրգանիզմում վիրուս հայտնվեց, որի պատճառով էլ Դավիդը շաբաթներ անց մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել