Իրավապաշտպան գործունեության մեջ մեր երկրում կարևորագույն դեր ունի Մարդու իրավունքների պաշտպանը, որի գործառույթներն ամրագրված են Սահմանադրությամբ։
Իրականում, հարգանքը ինստիտուտների նկատմամբ, հատկապես մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, այդ ինստիտուտի կայացումն ու լիարժեք գործունեությունը շատ կարևոր է երկրում քաղաքացիների պաշտպանության տեսանկյունից։
Ես մշտապես կողմ եմ առողջ քննադատությանն ու հանրային վերահսկողությանը ցանկացած ինստիտուտի նկատմամբ, բայց երբ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի ներկայացման շրջանակներում ԱԺ-ում դրսևորվում է ակնհայտ անհարգալից վերաբերմունք իրավապաշտպան կառույցի նկատմամբ, ինձ համար, մեղմ ասած, անընդունելի է։
Ես մշտապես, սեփական մաշկի վրա եմ զգացել իրավապաշտպանների խոցելիությունն ու անպաշտպանությունը մեր երկրում, ինչպես նաև մեր կողմից արված աշխատանքի նկատմամբ ոչ բավարար հարգանքն ու հնչեցրած խնդիրների նկատմամբ ոչ բավարար զգայնությունը։
Ինձ թվում է ԱԺ-ում հայտնված մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է իրավապաշտպան գործունեությունը, և ինչ կարգավիճակ ու լիազորություններ ունի, օրինակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Մի քանի կարևորագույն կետ նշեմ այստեղ, գիտելիքները հարստացնելու համար․
1․ ՄԻՊ-ը ենթակա չէ որևէ պետական մարմնի կամ պաշտոնյայի։
2․ ՄԻՊ-ի գործունեությանը ցանկացած միջամտություն արգելվում է։
3․ ՄԻՊ-ն անձեռնմխելի է, և այդ անձեռնմխելիությունը հավասարեցված է պատգամավորի կարգավիճակին։
4․ ՄԻՊ-ի աշխատակազմին որևէ մարմին իրավունք չունի խոչընդոտել։
Այնպես որ, գոնե այսքանն իմացեք, հարգելի պատգամավորներ, թե չէ տպավորություն է, որ միայն դուք եք անձեռնմխելի ու մի ուրիշ կարգի լեգիտիմ այս երկրում։
Հ․Գ․ Երբեմն շատ տարօրինակ է հնչում, երբ կանանց իրավունքների մասին ԱԺ-ում խոսում է մի տղամարդ, այն էլ հոխորտալով, որի ձայնն այդ ուղղությամբ երբևէ չի լսվել, թեև եղել են բազմաթիվ առիթներ, կնասպանության, ընտանեկան բռնության դեպքերի՝ մեր երկրում, ինչպես նաև ԱԺ-ում եղել են բազմաթիվ կնատյացության դրսևորումներ, սակայն այդ տղամարդ պատգամավորի ձայնը դուրս չի եկել։