Pastinfo.am-ը գրում է․

Վարչապետը երեկ կրկին անդրադարձավ Սահմանադրական դատարանին եւ կրկին թիրախավորեց Բարձր դատարանին։

Այս անգամ դիմելով սիրելի հայրենակիցներին՝ ասաց, որ նրանք չեն կարողանում օգտվել ԵԱՏՄ շրջանակներում կնքվող համաձայնագրի բարիքներից՝ արտոնություններից, քանի որ դրա համար պետք է Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որը անհասկանալիորեն ձգձգում է հարցի քննարկումը, կամ եթե նույնիսկ չի ձգձգում, կարող էր ամենակարճ ժամկետում քննել, որը չի արել։

«Փաստինֆո»-ն փորձեց հասկանալ, թե ինչ համաձայնագրի մասին է խոսքը, երբ է կառավարությունն այն ուղարկել ՍԴ, երբ է այն քննարկվելու եւ ինչու են ուշացրել քննարկումը, եթե, իհարկե, ուշացրել են։ Արդյունքում՝ պարզվեց, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ՝ վարչապետի ակտիվ դերակատարմամբ։

Այսպես՝ վարչապետի մատնանշած համաձայնագրերն ստորագրվել են նախորդ տարվա դեկտեմբերի քսանին, սակայն դրանք կառավարությունը Սահմանադրական դատարան է ուղարկել միայն սույն թվականի ապրիլի տասներեքին՝ այսինքն շուրջ 4 ամիս անց։

Մեր հարցմանն ի պատասխան ՍԴ-ից հայտնել են, որ միջազգային պայմանագրերի դեպքում դիմումի նախնական ուսումնասիրության համար նախատեսված է տասնհինգօրյա ժամկետ (երկարաձգման հնարավորությամբ), գործի նախնական ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո գործը քննության ընդունելու հարցի լուծման համար ողջամիտ ժամկետ, եռամսյա ժամկետ՝ դիմումի մուտքագրման պահից։ Սակայն ՍԴ-ն ցուցաբերել է նախաձեռնողականություն ու տվյալ գործների նախնական ուսումնասիրությունը, ինչպես նաև գործը քննության ընդունելու հարցի պարզումը միասին իրականացվել են միայն նախնական ուսումնասիրության համար նախատեսված տասնհինգօրյա ժամկետի սահմաններում /խնայվել է աշխատակարգային որոշման կայացման համար նախատեսված ժամանակը, նշված տասնհինգօրյա ժամկետը չի երկարաձգվել, որի հնարավորությունը նախատեսված է օրենսդրությամբ։

Այսինքն՝ դիմումի մուտքագրման պահից ՍԴ որոշումը կայացվել է 29 օրում՝ սահմանված առավելագույն ժամկետից շուրջ երկու ամիս վաղ։ Ավելին 12․05․2020թ․ Սահմանադրական դատարանը կայացրել է համապատասխան որոշում և մեկ-երկու ժամ անց այն արդեն իսկ ուղարկել կառավարություն։

Գործերը վարույթ ընդունելուց հետո ընդամենը տասնհինգօրյա ժամկետում նշանակված դատաքննության օրը՝ մայիսի տասներկուսը, համարվել է հնարավոր ամենամոտ դատաքննության օրը նշված պահի դրությամբ։ Համեմատության համար նշենք, որ այլ կոնվենցիաներով, որոնք ՍԴ են մուտքագրվել են ավելի վաղ, դատաքննության օրերը նշանակվել են շատ ավելի ուշ։

Նշված գործերով երբեք հետաձգումներ կամ ինչպես վարչապետն է ասել՝ ձգձգումներ չեն եղել։

Նշված ժամկետում գործի քննությունը ՍԴ պրակտիկայում ամենասեղմ ժամկետներից է։

Ասենք նաև, որ որևէ գործի հրատապ քննության իրականացման պարտականություն ՍԴ-ն չունի։

Սահմանադրական դատարանը նախկինում բազմիցս ընդառաջել է Կառավարության խնդրանքներին և գերծանրաբեռնված կարգով գործերը քննել հրատապ կարգով։ Մեր ունեցած տեղեկությամբ, մինչև ՍԴ-Կառավարություն հարաբերությունների լարումը, այդ մասին ՍԴ-ին խնդրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո՝ տարբեր շահագրգիռ նախարարներ։

Նիկոլ փաշինյանը իր սովորության համաձայն միշտ մեղավորներ է փնտրում։ Նա ՍԴ-ին մեղադրեց անգործության մեջ, այն պարագայում, երբ իր ենթականների պատճառով դեռևս դեկտեմբերի 20-ին ստորագրված Կոնվենցիան, ՍԴ է մուտքագրվել չորս ամիս անց՝ ապրիլի տասներեքին։ Փաստորեն, ժողովրդի համար այնքան հրատապ կոնվենցիան ՍԴ ուղարկելու մեխանիկական գործողությունը շուրջ չորս ամսում կատարող կառավարության ղեկավարը կոնվենցիայի քննությունը մեկ ամսում նախատեսող այս մարմին մեղադրում է ձգձգումների մեջ։ Մի օրում սահմանադրական փոփոխություններ են անում, բայց 4 ամսում այդքան կարևոր կոնվենցիան չեն կարողանում ՍԴ ուղարկել։

Այսպիսով, պարզ է դառնում, որ հնչեցրած մեղադրանքը հերթական կեղծիքն էր։

Վարչապետը՝ վստահ դեմքով նայելով ժողովրդի աչքերին, օգտագործելով «ժողովուրդ ջան» արտահայտությունը, ստում է, ստում վստահ, բայց պարզունակ ձևով, ստում՝ ակնհայտի մասին, որն առավելագույնը բացահայտվելու է մեկ օր անց։ Նա ոչ միայն չի հարգում իր ժողովրդին, այլև ցույց է տալիս իր կարծիքը երեք միլիոն վարչապետների կամ «պողոսների» մասին՝ նրանք ունակ չեն հասկանալ իր ստերը կամ մանիպուլյացիաները։

Վարչապետը գիտակցում է, որ ՍԴ խնդիր չկա ժողովրդի համար։ Հակառակ դեպքում ինչո՞ւ է ամեն կերպ փորձում ստերի միջոցով չարություն ու զայրույթ սերմանել այս մարմնի դեմ այն ամբողջ ժողովրդի մոտ, որն ըստ իրենց պահանջում է ՍԴ հարցի անհապաղ լուծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել