Հոլիվուդյան դերասանուհիներ Էմի Ադամսը և Ջենիֆեր Գարները սոցցանցերի իրենց էջերում աջակցել են Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, որը հայտնվել է ամերիկացի գրող Էմիլի Գիֆինի քննադատությունների թիրախում, հաղորդում է Insider-ը:
Ադամսը և Գարները շնորհակալություն են հայտնել Սասեքսի դքսուհուն Save the Children բարեգործական հիմնադրամին օգնելու նպատակով նկարահանված տեսանյութի համար, որտեղ Մեգանը որդու՝ Արչիի համար գիրք է ընթերցում։
Տեսանյութն առաջացրել է ամերիկացի հայտնի գրող Էմիլի Գիֆինի զայրույթը։ Գրողը դքսուհու վարքը որակել է «կեղծ» և նրան հանդիմանել շոու կազմակերպելու, ինչպես նաև իր ամուսնուն դիտավորյալ ստվերում թողնելու համար։
Մեգանին աջակցել են նրա երկրպագուները և ամուսինը՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին։ Շուտով բացասական մեկնաբանությունների պատճառով գրողը ստիպված է եղել փակել իր սոցցանցային էջերը։
Ավելի ուշ Գիֆինը փորձել է բացատրել իր քննադատությունը։ Նրա խոսքով՝ թեև նախկինում ինքը հաճույքով հետևում էր Մեգանի և Հարիի կյանքին, վերջին ամիսներին նրա վերաբերմունքը հայտնի զույգի նկատմամբ կտրուկ փոխվել է դեպի վատը: