Մայիսի 4-ին լույս աշխարհ եկավ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի և նրա ընկերուհու՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեի որդին։ Զույգն իր երեխային անվանել է XÆ A-12․ անվան արտասանությունը բազմաթիվ մեմերի առիթ է դարձել։
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն նույնպես անմասն չի մնացել երեխայի անվան շուրջ մեկնաբանություն հնչեցնելուց, գրում է Insider-ը։
Փելթրոուն, որի և նախկին ամուսնու՝ Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինի դստեր անունն Էյփլ է՝ թարգմանաբար խնձոր, InStyle ամսագրի՝ Գրայմսի և Մասկի երեխայի անվան վերաբերյալ ինստագրամյան նյութի տակ մեկնաբանել է․ «Քրիս Մարտին, կարծում եմ՝ վիճահարույց անվան հարցում մեզնից առաջ անցան»։
Փելթրոուն 2004-ին Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում հայտնել է, որ Էյփլ անունը Մարտինի գաղափարն է եղել։
«Նրա հայրն ասաց՝ եթե աղջիկ լինի, նրան պետք է Էյփլ անվանենք։ Խնձորն այնքան համեղ և օգտակար է, բացի այդ նաև աստվածաշնչյան պտուղ է, և մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, հիանալի է հնչում»,- ասել է դերասանուհին։
Ավելի վաղ 32-ամյա Գրայմսը, բացատրելով երեխայի անունը, նշել էր, որ X-ը մաթեմատիկական անհայտ մեծությունն է խորհրդանշում։ Æ-ն էլֆյան գրելաձևով արհեստական բանականություն (AI-artificial intelligence) կամ սեր է նշանակում, A-12-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է։ Նա հավելել էր, որ անվան վերջին տառը խորհրդանշում է իր սիրելի Archangel երգը, որի հեղինակին վերջինս չի նշել։