Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները։ 

Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություններին՝ նշելով, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ երաշխավորողներն այն անձինք չեն, որոնք իրենց հեղինակությամբ կարող են ազդել Ռոբերտ Քոչարյանի որոշումների վրա։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել