Armdaily.am-ը գրում է․
Հիմա ես խցում մենակ եմ՝ իմ ցանկությամբ, բայց շփում անձնակազմի հետ իհարկե կա: Այս մասին այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե ինչպիսին են պայմանները ՔԿՀ-ում, եւ, արդյոք խցում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։
Նա նշեց, որ շաբաթվա ընթացքում մոտ 70 մարդու հետ է շփվում:
«Աշխատակիցներն աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են: Ոչ ոք չգիտի, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում։ 90 տոկոսը երիտասարդներ են: Դա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսն իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմպտոմատիկ է լինելու։ Ես հիմա խցում սեփական ցանկությամբ մենակ եմ: Բայց շփումներ անձնակազմի հետ կան, այլ կերպ անհնար է: Անհնար է հեռավորություն պահպանել շենքում տեղաշարժվելիս»,- հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ սնունդը բերվում է փաթեթավորված, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ով է աշխատում այդտեղ, ով է պատրաստում եւ ով՝ առաքում. «Անձնակազմը փորձում է հետեւել պահանջներին՝ դիմակներ եւ ձեռնոցներ են կրում: Բայց պայմաններ չկան, չկա օդափոխություն: Օրը երեք անգամ մարդիկ են գալիս դրսից, սնունդ են բերում: Նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ինչպես է հնարավոր կատարել անհրաժեշտ պահանջները»։
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցով նրանք դիմել են նաեւ ՄԻՊ-ին։
«Նախագահը հիմա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, բայց, ըստ կանոնների, հիվանդասենյակում նրա հետ պետք է ծառայող լինի, նրանք մշտապես փոխարինվում են, եւ ստացվում է, որ պացինետն ամբողջ ժամանակ ստիպված է շփվել մեծ թվով մարդկանց հետ»։