Factor.am-ը գրում է․

 Factor.am-ի տեղեկություններով «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը նախօրեին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Յուքոմի» պաշտպանական թիմի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արա Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելը հաջորդել է նրա բնակարանում, ավտոմեքենայում և «Յուքոմ» ընկերությունում իրավապահների կողմից կատարված խուզարկությանը:

Factor.am-ի ճշտող հարցին ի պատասխան Ամրամ Մակինյանն ասաց, որ Արա Խաչատրյանը վկայի կարգավիճակ ունի, նա ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ապա՝ «Յուքոմ» ընկերությունում։ Խաչատրյանի փաստաբանները պնդեցին, որ ԱԱԾ-ն ապօրինի է խուզարկել

Խաչատրյանի մեքենան, բացի այդ, առանց դատարանի թույլտվության առգրավել է նրա համակարգիչը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Յուքոմ» ընկերության սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նա թաքնվում է իրավապահներից:

Հայտարարվել է հետախուզում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել