Factor.am-ը գրում է․
Factor.am-ի տեղեկություններով, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Հայաստանում համավարակի ներթափանցելուց առ այսօր նախարարության համակարգում ընդհանուր գրանցվել է հիվանդության 13 դեպք:
Խոսնակի փոխանցմամբ՝ 5 աշխատակից արդեն առողջացել է, իսկ 8-ը գտնվում են բուժման մեջ: Այս պահին կա նաև 6 մեկուսացված ու 36 ինքնամեկուսացված ԱԻՆ աշխատակից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կորոնավիրուսի դեպքերից մեկը փոխանցվել է Հայաստանում գործունեություն ծավալող կոնֆետի և հրուշակեղենի հայտնի արտադրամասերից մեկից:
Factor.am-ին հայտնի դարձավ, որ 911 ծառայության աշխատակիցներից մեկի ընտանիքի անդամն աշխատում է նշյալ արտադրամասում, որտեղ նա վարակվել է, ապա վարակել ԱԻՆ աշխատակցին: Նա էլ իր հերթին վարակել է մի քանի գործընկերների: Մեր այս տեղեկության վերաբերյալ Էդմոն Զարգարյանն ասաց, որ իրենց համար բարդ է պարզել, թե որն է վարակի տարածման աղբյուրը եղել: Այժմ ձեռնպահ ենք մնում այդ արտադրամասի անունը հրապարակելուց, քանի որ ընկերության պատասխանատուների հետ կապ հաստատել և թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել: