Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը գրառում է արել Twitter-ում՝ նշելով, որ Թուրքիան թույլ չի տալու կորոնավիրուսի իրավիճակն օգտագործող «ահաբեկիչներին» միջանցք ձևավորել Սիրիայի հյուսիսում և Իրաքի հյուսիսում։
«Մենք շարունակում ենք ցույց տալ մեր վճռականությունը, որ այլևս թույլ չենք տալու, որ Իդլիբում հումանիտար ճգնաժամ տեղի ունենա»,- հայտնել է Ալթունը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիան վճռական է տրամադրված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում և այդ նպատակով հավաքագրել է ռազմական, տնտեսական և մարդկային ռեսուրսներ։
«Այն ահաբեկիչները, որոնք մտածում են, թե կարող են մեր այս ջանքերը ի չիք դարձնել, ապա չարաչար սխալվում են»,- գրել է Ալթունը։
Ալթունը համոզմունք է հայտնել, որ եթե մյուս պետությունները չիրականացնեն Սիրիայի հարցում ձեռք բերված պարտավորությունները, այնուամենայնիվ, Թուրքիան պատրաստ է այն կատարելու։
Նշենք, որ Ալթունն ահաբեկիչներ ասելով, նկատի ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK/ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամներին, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալներին։