168.am-ը գրում է․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:

Տաքսի ծառայության ոլորտում լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել տարեկան 100.000 դրամ:

«Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող  ֆիզիկական անձ՝ «Ֆ» տիպի լիցենզիա ունեցող ֆիզիկական անձ, որն իրեն սեփականության կամ տիրապետման իրավունքով պատկանող սույն oրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետով նախատեսված արտաքին կահավորմամբ մինչև 5 նստատեղով (ներառյալ՝ վարորդի նստատեղը) թեթև մարդատար ավտոմոբիլով իրականացնում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ, առանց այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով ուղևորների փոխադրման պատվերներ ստանալու:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն՝

1) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչով կամ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքով,

2) տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանման, ինչպես նաև տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի անվան մասին տեղեկատվությամբ,

3) գնացուցակով, որը պետք է լինի ուղևորի համար տեսանելի մասում և առնվազն պետք է ներառի ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությունը,

4) ավտոմոբիլի տանիքին և կողային մասում տաքսու շախմատաձև տարբերանշանով, կողային մասում ուղևորափոխադրման նվազագույն արժեքի (առկայության դեպքում), սակագնի, նստելավարձի, սպասելավարձի մասին (առկայության դեպքում) տեղեկատվությամբ (բացառությամբ՝ այն տրանսպորտային միջոցների, որոնք փոխադրումներ են իրականացնում միայն էլեկտրոնային հարթակով պատվերով)»:

«5. Օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է միայն տաքսի ավտոմոբիլների կանգառներում, բացառությամբ ուղևորների կողմից իրականացված պատվերների:

Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն օդանավակայանի տաքսի ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ նախագիծմ իրականում ավելի է աղավաղելու ոլորտը, քան մինչ հիմա էր, քանի որ արդեն իսկ անհավասար և խիստ անարդար է լիցենզիայի տուրքի չափի հավասարեցումը 1, 10 և 100 մեքենայի համար։

Նրա դիտարկմամբ՝ հարկավոր է այն սահմանել ամեն միավոր ավտոմոբիլի համար։ Հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները չեն կարող ծառայել՝ որպես «չափման միջոց», քանի որ չեն բավարարում ներկայացվող ստանդարտների պահանջներին՝ մասնավորապես, ենթակա չեն կապարակնքման և, բնականաբար, դուրս են պետության վերահսկողությունից։

«Հավասարեցման քողի տակ մի մեքենա ունեցողն էլ է 100․000 դրամ վճարելու, օնլայն տաքսիներն էլ։ Օրինակ, եթե վաղը «Յանդեքսը» 2000 մեքենա բերի, էլի 100․000 դրամ է վճարելու։ Սա դեռ լիցենզիայի մասին է, և ոչ՝ հարկերի։ Կարող է՝ անհատից ամեն ամսվա համար հարկ չպահանջեն, բայց ընկերությունները վճարեն, որը, այսպես թե այնպես, կատարվում է։ Ինչ վերաբերում է օնլայն տաքսիներին, ապա «Յանդեքսն» ասում է՝ ես ընդամենը պատվեր եմ վաճառում, անհատ տաքսին էլ գումար չի վճարում, բայց 15-20․000 մեքենա մտնում է «Յանդեքս»՝ իբր թե անհատ տաքսիստ։ Նման բան ինչպե՞ս կարող է լինել։ 30․000 մեքենա ունեցող հիմնարկն անհատ տաքսի՞ստ է,- 168am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը՝ հավելելով,- Այս օրենքի նախագիծը նոր բան չէ, դեռևս նախկին իշխանություններից սկսած՝ սա ուզում են առաջ տանել, ու այս ամենն արվում է՝ օնլայն տաքսիներին առավելություն տալու, մոնոպոլիա հաստատելու համար։ Մյուս հարցն է, որ մեքենա վարելիս հեռախոսով զբաղվել չի կարելի, օրենք են հանում, թե հեռախոսը տաքսիում կարող է որպես ատրիբուտ աշխատել։ Այսինքն, եթե վարորդը վարելիս պատվեր ստացավ, հեռախոսով է զբաղվելու այդ ընթացքում ու վթարի ենթարկվի։ Իսկ եթե կարգապահ վարորդը չզբաղվի այս ամենով, մի 3 անգամ պատվեր լինի՝ չընդունի, ռեյտինգն ընկնում է, ու իրեն այլևս պատվեր չեն տա»։

Անդրադառնալով այն կետին, որ օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն օդանավակայանի տաքսի ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նկատեց․

«Ես չեմ հասկանում՝ օդանավակայանի տաքսին ինչո՞վ է տարբերվում։ Այսինքն, Երևան եկող զբոսաշրջիկն ինչ-որ առավելություն ունի՞։ Այդ ինչո՞ւ ենք այլ որակի ծառայություն ուզում մատուցել ուրիշին։ Երկրորդ, ի՞նչ է նշանակում՝ օդանավակայանի տաքսի։ Դա, կարծում եմ, այն տաքսին է, որ կանգնելու է և տեղում սպասարկի։ Բայց դա պետության ի՞նչ գործն է։ Օդանավակայանը մասնավոր տարածք է, ու իրենք են որոշում՝ ում թողնեն այնտեղ, ով կանգնի աշխատի, ով՝ ոչ։ Սպասարկման տեսանկյունից բոլորը պետք է հավասար լինեն»։

Վահագն Սահակյանը կարևորեց շահագրգիռ կողմերի հետ այս նախագծի քննարկումը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ներկայությամբ։ Նրա դիտարկմամբ՝ այստեղ կարելի է ողջունել միայն այն, որ որոշել են նորից լիցենզավորել։

«Բայց գիտե՞ք, թե մարդիկ ինչքան են տուժել սրանից։ 2006 թվականից սկսած՝ մի մասը գնում, պարտաճանաչորեն լիցենզիա է հանում, մյուս մասն էլ՝ անօրինական վարում է։ Մի ժամանակ էլ հատը 17-18․000 դրամով դեղին համարանիշ էին վաճառում։ Մարդիկ գնացել, բանկերի միջոցով մենքենաներ էին վերցրել, նորմալ սերվիսներ էին սարքել, հետո բռնեցին սահմանափակումները հանեցին, որ առավելությունը տան անհատ վարորդներին, ու նրանք այսօր «Յանդեքս» վարեն։ Ամեն ինչ վաղուց պլանավորված էր, ու դրա գլխավերևում կանգնած էր Հանրապետության ճանաչված դեմքերից մեկը։ Բերեցին, թե՝ վա՜յ, գիտե՞ք, «Յանդեքսը» 100 դրամով մարդ է տեղափոխում։

Տեսե՞լ եք «Յանդեքսի» արածը․ ժամեր կան՝ 1կմ-ն 300 դրամից ավելի է։ Պատկերացնո՞ւմ եք, որ օրվա մեջ խանութում կարագի գինը 3-4 անգամ փոխվի, ինչ է, որ՝ այդ ժամին խցանում է։ Առաքիչներն էլ են խցանման մեջ մնում, հետո՞ ինչ։ Իսկ Փաշինյանն ինձ հարցնում էր՝ չե՞ք կարող հաշվիչներն այնպես արտադրել, որ զբոսաշրջիկներին խաբել չկարողանան․ հաշվիչն ի՞նչ կապ ունի խաբելու հետ, թիվ ես տալիս, այն հաշվում է։ Օրենսդրությունն է պետք կարգավորել։ Ինչ գնով ուզում՝ տեղափոխում են։  Այս տարիֆով են քշում, հետո՝ մյուս, բայց ես ասել եմ, որ գոնե Երևանի համար  տարիֆը ֆիքսեն, չեն համաձայնել՝ ասելով, թե շուկայական հարաբերություն է։ Բա որ շուկայական հարաբերություն է, ու գինը չես ուզում ֆիքսել, ինչո՞ւ ես մեղադրում, որ մարդը թանկ գնով է տարել։ Ես վստահ եմ, որ Փաշինյանին այս ամենը լրիվ այլ կերպ են ներկայացնում»,- նշեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը։

Վահագն Սահակյանը կարևորեց չափման միջոցների առկայությունը։

«Չափման միջոց՝ նշանակում է՝ սարք, որը պետության վերահսկողության տակ է։ Դրանք հոսանքի, գազի, ջրի  հաշվիչներն են, և այլն։ Սրանք պետության կողմից պլոմբելուց հետո ոչ մեկը չի կարող որևէ բան փոխել։ Իսկ իրենք ասում են՝ դրեք պլանշետը, հեռախոսն ու տաքսի վարեք։ Հեռախոսը չափման միջոց չէ ու երբեք չի կարող լինել։ Մինչ օրս աշխարհը հաշվիչ է օգտագործում, որովհետև ինչքան էլ տեխնոլոգիան զարգանա՝  ջրի հաշվիչի տակ պլանշետ չեն դնի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել