IMG_2463

Ankakh.com-ը գրում է.

Ինչպես գիտեք, սույն թվականի մայիսին Մեղրիում ստորագրահավաք անցկացվեց`  ընդդեմ այդ տարածաշրջանում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքերի հետագա շահագործման, որի տակ ստորագրեցին մոտ 2500 մեղրեցիներ: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ լիցենզիաների տրման, աշխատանքների իրականացման հարցում ոչ ոք հաշվի չի նստել տեղաբնակների կարծիքի հետ: Բազմաթիվ հանքավայրերի մեջ առանձնահատուկ է Տաշտուն համայնքի տարածքում գտնվող հանքավայրը` այնտեղ իրականացվող աշխատանքներով։ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) որոշեց ավելի մանրամասն զբաղվել սույն խնդրով: Դեռևս հունիսի 7-9-ը ՀԲՃ-ի երկու անդամ այցելեցին Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնք և պարզեցին, որ այստեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Կան տեղեկություններ, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ: Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:  Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը. 2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին։Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի: Արդեն Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին նորից այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ (http://www.youtube.com/watch?v=Kc-CnsOqNME&feature=youtu.be) Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին: Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ: Այստեղ ոչ մի պատասխանատու չկար` բացի պահակից, որը ըստ իր խոսքերի` ոչ մի բանից տեղյակ չէր: Քիչ անց մեքենայով մոտենում են երկու աշխատակից, որոնք նույնպես ոչ մի փաստաթուղթ չեն կարողանում ներկայացնել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ` մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ` պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները:  Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը։ Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չներկայացրին որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։ Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության  դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի: Բացի դրանից հերթական անգամ տեսնում ենք, որ պետական մարմինները չեն ուզում գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և ստիպել փոխհատուցել այն, պարզել ապօրինի շինարարություն իրականացնողների պատասխանատվության չափը և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները նմանօրինակ դեպքերին լավագույն դեպքում արձագանքում են միայն ահազանգերից և հանրային ճնշումներից հետո, իսկ խախտումներ թույլ տվողները հիմնականում մնում են անպատիժ, քանի որ Հայաստանում օրենքները գործում են միայն «մեջք» չունեցողների համար, իսկ ունեցողներին թույլատրված է ամեն ինչ: Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել