Կորոնավիրուսի մասին իմ համոզմունքը չի փոխվում, այն իսկապես կա, ինչպես միշտ, ամեն տարի եղել են ու կլինեն վտանգավոր վարակներ, սա դրանցից մեկն է: Մարդկությանը աճել ու զարգացել է վիրուսներր մեջ ու կշարունակի անել դա:
Հիմա վերադառնանք բազմիցս բարձրացված այն հարցին, թե ինչո՞ւ է կարոնավիրուսը այսչափ «գովազդվում», ու այսչափ լրատվական պանիկա կցվել նրան:
Այս հարցով գրվել ու կգրվեն հազարավոր վերլուծություններ, մի մասը կլինեն միստիկ հիմքով, մի մասը՝ քաղաքական ու տնտեսական, բայց այն, որ որոշ կենտրոններ շահագրգռված են կորոնավիրուսի լոբբինգով, հստակ է:
Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ինչպես վարվել այս համավարակի հետ, դեռևս մարտ ամսին երկրի վարչապետն ու առողջապահության նախարարն, ըստ էության, կոչ արեցին լուրջ չվերաբերվել դրան, հետո անցան սահմանափակումների ու փոխեցին իրենց դիրքորոշումները, իսկ հիմա հանեցին սահմանափակումները՝ ըստ էության, խոստովանելով, որ պետությունն ի վիճակի չէ պահելու մարդկանց, ու մեծ հաշվով ՀՀ քաղաքացիների 60-70 տոկոսի վարակվելն ընդամենը ժամանակի հարց է:
Իշխանության պահվածքի գնահատականն ու հետևանքները դեռ կտրվեն, և դա կլինի շատ կոշտ, եթե չասեմ ողբերգական: Հիմա եկեք իրավիճակին նայենք մի փոքր այլ տեսանկյունից․ մարդիկ վարակվելու են, թույլ առողջություն ունեցողների շրջանում, ցավոք, կլինեն մահեր, ու այդ թիվն ավելի մեծ կլինի, քանի դեռ Հայաստանը շարունակում է ակտիվորեն քարոզել վարակը, դրա հետևանքներն ու վտանգավորությունը, վախեցած ու ամեն օր վարակի անունը լսող, դրա վտանգավորության թեզերն ականջին մարդու իմունային համակարգն ավելի կթուլանա, օրգանիզմի իմունային համակարգն ավելի անպաշտպան է դառնում, երբ մարդը սթրեսի ու վախի մեջ է:
Ասելիքս այն է, որ գոնե այս վիճակում պետք է փոխել վարակի մասին տեղեկատվական հոսքերը: Սա շատ նման է ժամանակին ՊՆ-ի կողմից ամեն օր տրվող սահմանային կրակոցների մասին լուրերին։ Դա հանգեցրեց նրան, որ մարդիկ վախենում էին Արցախ գնալ, էլ չասեմ, որ ծնողները հարյուրներով, ավելի շուտ` հազարներով սկսեցին իրենց երեխաներին ազատել բանակից: Հույս ունեմ, որ գոնե այս պահին պետության համապատասխան օղակները ճկունություն ու հեռատեսություն կդրսևորեն: