Մեծ պանդայի ձագը (բնակվում է Կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում) ծնվել է Նիդեռլանդների Ռենեն բնակավայրի Ouwehands կենդանաբանական այգում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»»-ին, այս մասին հայտնել են այգու մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ձագը ծնվել է մայիսի 1–ին՝ ուրբաթ օրը․ ձագն ու մայրը իրենց լավ են զգում։ Պանդայի սեռը դեռևս հայտնի չէ, քանի որ նրան փորձում են չանհանգստացնել։
«Ֆրանս Պրես» պարբերականը հայտնել է, որ Նիդեռլանդներում առաջին անգամ է ծնվել մեծ պանդա։
«Այս պահին Վենին և իր ձագուկին հանգիստ են թողնում։ Մի քանի ամսից, երբ ձագը լքի մայրական որջը, կկարողանանք իմանալ նրա սեռը, ինչից հետո էլ պանդան կունենա անուն»,- ասվում է կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրությունում։
Մեծ պանդայի ձագը պատկանում է Չինաստանին, ինչպես իր ծնողները՝ Վենն ու Սին Յան։ Նիդեռլանդներում նա կարող է գտնվել 1 տարի, ինչից հետո կտեղափոխվի Չինաստան։
Բնապահպանության միջազգային միությունը 2016 թվականին Մեծ պանդաներին խոցելի տեսակների է դասել։