Pastinfo.am-ը գրում է․

Գավառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորում ստացած երիտասարդներից մեկը, ով այժմ գտնվում է ԲԿ-ում, վիրահատվել է, բժիշկներն ասում են՝ լավ կլինի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր վստահորդն ունի վկայի կարգավիճակ. իջել է մեքենայից, հրազենային վիրավորում ստացել և փախչել դեպքի վայրից։
«Նա պատահական է հայտնվել այդտեղ։ Մեքենայից իջնելն ու կրակոցը մեկ է լինում։ Ոտքից վիրավորվել է և այդպես կաղալով դուրս եկել, գնացել դեպքի վայրից»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ վիրավորում ստացած երիտասարդը Նորատուսից է. «Համագյուղացիներ են։ Նա ընդամենը մեքենայով անցնելիս տեսել է, որ կանգնած են, մոտեցել է, որ տեսնի, թե ինչ է կատարվում, բայց կանգնելն ու կրակոցներ արձակելը մեկ է եղել»։

Փաստաբանը հայտնեց, որ երեկ փորձել է հանդիպել իր վստահորդի հետ, սակայն քննիչներն ու ոստիկանները փորձել են մեկը մյուսի վրա բարդել, թույլ չեն տվել հանդիպել, ինչի համար էլ փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին և գրասենյակի արագ արձագանքման շնորհիվ հանդիպել է վստահորդի հետ։

«Ընդ որում՝ արդեն 6-րդ օրն է անձը զրկված է հեռախոսազանգերի հնարավորությունից, տեղեկատվությունից, հարազատների հետ կապից։ Նա վկայի կարգավիճակով է, այնպես չէ, որ այլ կարգավիճակ ունի։ Ո՛չ հեռախոս են թողնում, ո՛չ հեռուստացույց, տեղեկատվությունից առհասարակ զրկված է,փաստաբանն էլ գնում է մոտը, արգելում են։ Այդպես ոնց կլինի»,- ասաց փաստաբանը։

Վկան, փաստաբանի տեղեկացմամբ, մեկ անգամ արդեն հարցաքննվել է ու ցուցմունք տվել։

Սարգսյանը վստահեցրեց, որ իր վստահորդը տեղեկատվություն չունի, թե ինչից է ծագել վիճաբանությունը, միջադեպին որևէ մասնակցություն չի ունեցել։
Հարցին, թե արդյո՞ք պահպանվում է իր վստահորդի անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ կողմերի միջեւ առկա է լարվածություն, հարձակում է կատարվել նաեւ հիվանդանոցի վրա՝ փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղեկատվություն ունի քննչական մարմինը, որ այս պահին իր անվտանգությունն ապահովում են։ Այնուամենայնիվ ասեմ, որ նա այդքան էլ պաշտպանության կարիք չունի, որովհետև որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Այս պահին պաշտպանված է։ Ոստիկանությունը պահպանում է։ Այնքան է պահում, որ խախտվում են վերջինիս իրավունքները»։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը` նորատուսցի արջը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նշենք, որ նորատուսցի արջն ուներ ընտրյալ` սպանված քննիչի քույրը:

Սպանություններից հետո դանակով ու մահակներով զինված անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, այն ամբողջությամբ տակնուվրա արել, փորձել սպանել միջադեպի մասնակիցներից 3-ին՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։ Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ սպանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, սպանության փորձի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զանգվածային անկարգությունների համար, ստեղծվել քննչական խումբ:

Հայտարարվեց, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել, սակայն բացահայտումները սահմանափակվում են հիվանդանոցի վրա կատարված դրվագի շրջանակներում, ինչը տեղի է ունեցել հենց իրավապահների աչքի առաջ, սակայն դրան նախորդած սպանությունների, բանուկ հատվածում փոխհրաձգության հեղինակները մնացել են չբացահայտված: Այսպես` մեղադրանք է առաջադրվել 15 անձի՝ անկարգություններին մասնակցելու, սպանության փորձ կատարելու համար: Նրանցից 13 -ը կալանավորվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել