Բաց նամակ Աննա Հակոբյանին
Հարգելի տիկին Հակոբյան,
Ձեր գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ գրասենյակին հարկավոր են կամավորականներ (վոլոնտյորներ): Կարծում եմ՝ Հայաստանում եղել են, կան և միշտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք պատրաստ են կամավորական սկզբունքով կատարել այս կամ այն բարի կամ հանրօգուտ աշխատանքը (օրինակ՝ իմ երեխաները բազմիցս մասնակցել են նման ծրագրերի: Համոզված եմ, որ Ձեր երեխաներն էլ են նման ծրագրերի մասնակցել): Բայց երբ կարդացի այդ հայտարարությունը, հիշեցի Լենա Նազարյանի այն գրառումը, որ նվիրյալներ չկան: Ընդ որում, ԱԺ փոխնախագահը խոսում էր լոկ աշխատավարձով՝ առանց հավելավճարների աշխատանքի մասին: Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ տիկին Նազարյանի համար անվճար աշխատանքն ընդհանրապես ծաղրի առարկա կարող է լինել:
Տիկին Հակոբյան, խնդրում եմ Ձեզ, երբ բազմաթիվ երիտասարդներ (և ոչ միայն երիտասարդներ) կարձագանքեն Ձեր հաղորդագրությանը և կամավորական սկզբունքով կկատարեն այն աշխատանքը, որ նրանց կառաջարկվի, իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ:
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան