Հարյուրավոր զբոսաշրջիկներ, որոնք կարանտինի մեջ են հայտնվել Մալդիվներում, մեկ ամսից ավել է, ինչ չեն կարողանում հեռանալ կղզուց: Այս մասին CNN-ին հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Ալի Վահիդը:
Նրա խոսքով՝ կղզիների տարածքում մոտ 500 զբոսաշրջիկ կա, որոնցից 100-ն օդանավակայանում են մնացել: Կառավարությունն աջակցություն է տրամադրում այն մարդկանց, որոնք չեն կարող վճարել հանգստավայրերում բնակվելու համար:
«Մենք կարծում ենք, որ նրանք տեղացիների նման են, նրանք այն մարդիկ են, որոնք մեր երկիրը հասցրել են այնտեղ, որտեղ այն գտնվում է»,- ասել է նախարարը:
Կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը Մալդիվներում արձանագրվել է մարտի 8-ին, որից մի քանի օր անց հանրային առողջության արտակարգ դրություն է հայտարարվել:
Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետության տարածքում ընդհանուր առմամբ 468 վարակման դեպք է գրանցվել, նրանցից 17-ն ապաքինվել են, մեկ մարդ մահացել է: