Factor.am-ը գրում է․

Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Աթաբանկ» (Atabank) և «Ամրահբանկ» (Amrahbank) ընկերությունները սնանկ են ճանաչվել։ Արդեն սկսվել է համապատասխան գործընթացը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական բանկը չեղյալ էր հայտարարել նշված բանկերի գործունեության արտոնագրերը:

Նշենք, որ Atabank-ն Ադրբեջանի ամենախոշոր առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1993 թվականին, ընդգրկված է Ata Holding-ի կազմում: Ata Holding-ը Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից է, որը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում՝ ֆինանսներ, տեխնոլոգիաներ, սնունդ, անշարժ գույք, նորաձևություն, առևտուր, զբոսաշրջություն, նավթագազային բիզնես։ Ata Holding-ը 30 և ավելի ընկերությունների բաժնետեր է։

Ըստ «Պանամական փաստաթղթերի» ու լրագրողական տարբեր հետաքննությունների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները սերտ կապեր ունեն Ata Holding-ի հետ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Ata Holding-ը 75 տոկոսով պատկանում է  այն ընկերություններին, որոնցում Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, ղեկավարների թվում են, իսկ հիմնական վերահսկողությունը Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի ձեռքում է։

Նշենք, որ նախօրեին էլ Amrahbank-ի 100-ից ավելի աշխատակիցներ հավաքվել էին բանկի կենտրոնական մասնաշենքի դիմաց, բողոքի ակցիա անցկացրել ու պահանջել չփակել այն։

«Մեր բանկը նորմալ գործել է։ Եվ ահա առանց պատճառի այն փակում են։ 700-ից ավելի մարդ մնում է առանց աշխատանքի։ Մենք պահանջում ենք վերականգնել մեր աշխատանքը։ Այս դժվար ժամանակներում, կարանտինի պայմաններում մեզ թողնում են առանց աշխատանքի»,- բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է փոխանցում Թուրան գործակալությունը։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են վճարել իրենց աշխատավարձերը։


© factor.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել