Armdaily.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ այն բժիշկներին, որոնք հսկողություն են իրականացնում այս պահին գործող հիվանդանոցներում, նախարարությունն ապահովում է կենցաղային լավ պայմաններ, ապահովում են նրանց սնունդը կամ տրանսպորտը տուն գնալու համար։ Կան նաև բժիշկներ, որոնք հրաժարվել են տուն գնալ և նախընտրում են հյուրանոցում մնալ, քանի որ թիրախային խմբում են և հանկարծ տան անդամներին չվարակեն։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ բուժաշխատողները «թանկ» քաղաքացիներ են.«Եթե մենք չունենանք պաշտպանված բուժաշխատողներ, ապա մենք չենք կարողանա հոգ տանել պոտենցիալ վարակակիրների մասին, բուժվող մեր քաղաքացիների մասով չենք կարող հոգ տանել: Եվ ես կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում չենք ունեցել էնպիսի մի օր, որ մենք դիմակ չունենանք բուժաշխատողների համար: Մենք ունեցել ենք, այո, դժվարություններ, որ, օրինակ, գրեթե դրանք սպառվելու վրա են եղել, կամ շատ թանկ են եղել, բայց մենք գոնե բուժաշխատողների մասով միշտ կարողացել ենք ձեռք բերել թե՛ ներքին շուկայից, թե՛ արտաքինից, թե՛ կարողացել ենք հումք ներկրել Հայաստան և Հայաստանում կարել դիմակներ, պաշտպանիչ շորեր»,-հարցազրույցներից մեկում նշել է Թորոսյան: 

ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները բավականին մեծ թիվ են կազմում: Կան հիվանդանոցներ, որտեղ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասնում է մի քանի տասնյակի:  Վարակվածների թվից մի քանի անգամ ավել էլ կան մեկուսացվածներ։ Եթե վիրուսն ամենուր է, ապա հիվանդանոցում դրանով վարակվելու ռիսկը 99 տոկոս է։ Կան նաեւ դեպքեր, երբ բուժաշխատողները վարակվել են ոչ թե աշխատանքային պարտականությունները կատարելիս, այլ առօրյա պայմաններում:

Մենք երեկ գրել էինք, որ կորոնավիրուսից բժիշկ է մահացել, սակայն վերջինս վարակվել է ոչ թե աշխատանքային պայմաններում, այլ իր աղջկանից, ով աշխատում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ում՝ ՍանԷպիդկայանում։

Բժիշկների վիճակի, պատրաստվածության մասին տեղեկանալու համար կապ հաստատեցինք մի քանի բուժհաստատություններ: «Աստղիկ» ԲԿ-ի Վերակենդանացման ծառայություն ղեկավար Անահիտ Հախեյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն տեսակետին, որ հիվանդանոցներում նույնպես կա վարակվելու մեծ վտանգ, օրինակ՝ ինչպես խանութներում կամ բանկերում, ասաց.«Ցանկացած տարածքում, որտեղ կա մարդկանց բազմություն և չի պահպանվում սոցիալական հեռավորությունը, վտանգավորություն կա: Բայց ի տարբերություն բանկերին, տրանսպորտին կամ խանութներին, հիվանդանոցներում իրականացվում են բոլոր հնարավոր աշխատանքները՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար՝ դիմակներ, ձեռնոցներ, պահպանվում է ձեռքերի հիգիենան:Պաշտպանիչ միջոցառումները կիրառում են և բուժաշխատողները, և պացիենտները»:

Խոսելով բժիշկների՝ իրենց պարտականությունները կատարելիս կորոնավիրուսով վարակվելու հնարավորության մասին, բժշկուհին նշեց, որ դա բոլոր երկրներում էլ անխուսափելի է.«Բայց մեզ մոտ այդպիսի դեպք չի եղել: Բայց ամբողջ աշխարհում ստատիստիկան այնպիսին է, որ բժիշկների վարակվելիությունը շատ բարձր է»:

«Արմենիա» ԲԿ-ի Համաճարակաբանության ծառայության ղեկավար Նունե Քրիշչյան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ի բոլոր հիվանդանոցներն էլ պատրաստ են վիրուսին.«Յուրաքանչյուր հիվանդանոցի պացիենտի մոտ վիրուսի կասկածի դեպքում պացիենտին մեկուսացնում են, աշխատում են անհատական պաշտպանիչ միջոցներով: Հիվանդանոցը վարակի աղբյուր, չեմ կարծում, որ կարող է լինել: Հիվանդ մարդիկ աշխատանքի չեն ներկայանում, եթե օրինակ՝ թեթև  սիմպտոմներ են ունենում՝ հազ կամ ջերմություն: Բուժաշխատողները, եթե ունենում են կորոնավիրուսի ախտանշաններ, մեծ մասը թեստավորվում է»:

Քրիշչյանի խոսքով՝ վտանգավոր են այն դեպքերը, երբ մարդու մոտ սիմպտոմները արտահայտիչ չեն.«Երբ մարդը չի հասկանում՝ ինքը հիվանդ է, թե՝ ոչ: Դուրս է գալիս, գնում է խանութ, հետո գալիս է հիվանդանոց, այ դա վտանագավոր է: Օրինակ՝ գալիս է ոտքի խնդրի համար, բայց նա արդեն վարակակիր է, այսպիսի դեպքեր կարող են լինել: Բոլոր հիվանդանոցներում էլ կարող են լինել»:

Բժշկուհին վստահեցրեց՝ բոլոր հիվանդանոցներն ունեն բավարար քանակի անհատական պաշտպանիչ միջոցներ.«Վտանգավոր բաժիններում կան հատուկ համազգեստներ, մեկանգամյա օգտագործման պարագաներ: Ամեն ինչով նախարարությունը ապահովում է բուժհաստատություններին: Մենք հիվանդանոցում պաշտպանված ենք, բայց նույն բուժաշխատողն աշխատանքից հետո գնում է տուն, և իր տան անդամներից կարող է վարակվել, և շատ դեպքերում այդպես էլ լինում է, երբ բժիշկը վարակվում է ոչ աշխատանքային պայմաններում: Մենք չենք սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին, բայց միևնույն է, մենք էլ ենք շատ զգույշ աշխատում, և մեզ մոտ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ չկան»:

Փորձեցինք Առողջապահության նախարարությունից ճշտել, թե ամբողջ ՀՀ-ում քանի՞ կորոնավիրուսով վարակված բուժաշխատող կա և ո՞ր հիվանդանոցներում են արձանագրվել դեպքեր, սակայն ԱՆ-ից փոխանցեցին, որ այս պահին նախարարությունը չի կարող այդպիսի վիճակագրություն տրամադրել:

Նշենք, որ մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակաված բուժաշխատողների թվի մասին ինֆորմացիա հաղորդվում է: Օրինակ՝ Իռլանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսից իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում արդեն մահացել է 5 բուժաշխատող, իսկ վարակված բուժաշխատողների թիվը հասնում է 5627-ի: Մեծ Բրիտանիայում էլ մահացել է  Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության շուրջ 100 աշխատակից:

Ռուս բժիշկներն էլ  հրապարակել են իրենց գործընկերների ցուցակը, ովքեր մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Փաստաթուղթը վերնագրված է որպես «Հիշողության ցուցակ»։ Ապրիլի 25-ի տվյալներով ցուցակում արդեն իսկ եղել է 23 անուն: 

Իտալիայում նույնպես բժիշկների մահացության և վարակվածության մասին տվյալներ հայտնում են: «COVID-19-ի պատճառով մահացած բժիշկների թիվը 100 է, գուցե նույնիսկ 101-ը այս պահին, ցավոք», - AFP-ին ասել էր Իտալիայի առողջապահության ասոցիացիայի ներկայացուցիչն ապրիլի սկզբին:

Հետաքրքիր է՝ Հայաստանում վիճակագրություն չկա՞ վարակված բուժաշխատողների մասին, թե՞ կա, բայց չեն տրամադրում։ Եւ եթե չեն տրամադրում՝ ինչո՞ւ, միթե տվյալներն այնքան մտահոգիչ են, որ անհրաժեշտություն է առաջացել թաքցնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել