Operativ.am-ը գրում է.
COVID-19-ի դեպքում վտանգավոր բարդությունների հետ ավելի հաճախ բախվում են այն պացիենտները, որոնք առողջության հետ կապված քրոնիկ խնդիրներ ունեն։ Ինչպես հաստատում է Վենսթմինսթերյան համալսարանի սրտաբանական հետազոտությունների պատվավոր գիտաշխատող դոկտոր Դեւիդ Գեյզը, COVID-19-ով պացիենտների մոտ 10%-ը տառապում է սրտի հիվանդություններով, շաքարախտով եւ հիպերտոնիայով։ Ընդ որում, այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) ծանր բարդությունների վիճակագրության մեջ զբաղեցնում են ընդամենը 6%-ը։ Նման տվյալներ արտացոլվել են Չինաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից պացիենտների մասին զեկույցներում։
Ինչպես պարզվել է, բոլոր ծանր դեպքերում կորոնավիրուսը խթանում է բորբոքային ռեակցիայի առաջացում, որը կոչվում է միոկարդիտ։ Վիրուսը կարող է վարակել սրտի բջիջները՝ առաջացնելով մկանային հյուսվածքի ուժեղ բորբոքում եւ թուլացնելով արյուն մղելու ու բոլոր օրգանները թթվածնով մատակարարելու սրտի ունակությունը։ Այդ մասին հաղորդում են Նյու Յոքի Mount Sinai Health System hospitals-ի գիտնականները։
medRxiv կայքում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հայտնել են, որ տրոպոնինի՝ մկանային կրճատումներին մասնակցող մշտական սպիտակուցի մակարդակի բարձրացում դիտարկվել է Մաունթ Սինայի հիվանդանոցներից մեկի 2736 պացիենտներից համարյա 40%-ի մոտ։
COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների 20%-ից պակասը ունեցել է ավելի քան 0,09 նգ/մլ տրոպոնին, սակայն նույնիսկ այդպիսի ցուցանիշներով մարդիկ ունեցել են մահացության զգալիորեն ավելի բարձր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, որոնց մոտ տրոպոնինը եղել է ռեֆերենտային միջակայքի սահմաններում։ Բացի այդ, պացիենտների 2%-ը ունեցել է տրոպոնինի 2 նգ/մլ մակարդակ, ինչը վկայում է ծանր բարդությունների մասին։
Իրենց հետեւություններում հետազոտողները շեշտադրել են տրոպոնինի մակարդակը որպես ռիսկի մարկեր օգտագործելու անհրաժեշտությունը, որը կօգնի բժիշկներին նվազեցնել միոկարդի վնասվածքները։
Դեւվիդ Գեյզի խոսքերով՝ գիտնականները դեռեւս չեն հասկանում, թե ինչպես եւ ինչու է կորոնավիրուսը ազդում սրտի վրա, բայց դրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Առաջին հերթին, սրտի վնասումը կարող է կապված լինել բջիջների մեջ վիրուսի ներթափանցման հետ: Վիրուսի մակերեւույթի փշի տեսքով սպիտակուցը ֆիքսվում է բջջային մակերեւույթի ռեցեպտորի վրա, որը կոչվում է ACE2: Սրտի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ բջջի մակերեւույթին ավելի շատ ACE2 ռեցեպտորներ կան, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մեծ քանակությամբ վիրուսային մասնիկներ ընկնեն բջջի մեջ՝ առաջացնելով ավելի շատ բորբոքում, քան առողջ սրտով մաիդկանց մոտ։
Հնարավոր է նաեւ, որ սրտի վնասմանը հանգեցնում է պաթոգենի հանդեպ օրգանիզմի ռեակցիան։
«Շատ վիրուսներ օրգանիզմին հասցնում են ծանր հարված, որին սիրտը չի կարողանում դիմանալ, այդ պատճառով սրտի հիվանդություններից ավելի շատ մարդ է մահանում, քան թոքերի հիվանդություններից։ Այդ իմաստով COVID-19-ը նման է մյուս շնչառական համավարակներին»,- հայտնել է Գեյզը։