Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին պատմել է ընկերներին, որ վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած իրարանցումներից նա «շատ ավելի լավ» պաշտպանված կլիներ, եթե դեռ բանակում ծառայելիս լիներ, գրում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով աղբյուրներին։
Կայքի փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսն ընկերների հետ զրույցում նշել է, որ իր համար «անհավատալի» է, թե ինչպես է իր կյանքը գլխիվայր շրջվել։
Նշվում է, որ արքայազնը կարոտում է զինված ուժերում ծառայելու տարիները։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Մեգան Մարքլի հետ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելուց հետո Հարին զրկվել է իր զինվորական պաշտոններից, այդ թվում՝ նաև Հոնինգթոնի թագավորական ռազմաօդային բազայի պատվավոր հրամանատարի կոչումից։
Հարին, որին զինված ուժերում առավել հաճախ Կապիտան Ուելս են անվանում, պահպանում է մայորի իր կոչումը և հաստատել է, որ «ոչ պաշտոնապես շարունակելու է աջակցություն ցուցաբերել զինվորականներին»:
Հայտնի է, որ ներկայում զույգն իր որդու՝ Արչիի հետ ապրում է Լոս Անջելեսում։