Բառերը, որոնք դուք կկարդաք այս հոդվածում, կախարդական հատկություններ ունեն: Կարող եք ինքներդ փորձել, և արդյունքն իրեն սպասել չի տա:

Աշխարհն ինքնին հիանալի, զարմանալի և բացառիկ ապշեցուցիչ մի վայր է, և դուք էլ լույս աշխարհ եք եկել, որ այն ավելի հիասքանչ և զարմանալի դարձնեք:

Ո՞վ է ձեզ ուղարկել այս աշխարհ: Ոչ ոք չգիտի, և հավանական է, որ դա այդքան կարևոր էլ չէ, այդ պատճառով էլ այս հարցերի վրա պետք չէ ժամանակ կորցնել:

Մենք բոլորս էլ սահմանափակ ժամանակ ունենք, և անկախ նրանից, թե որքան է մեզ մնացել ապրելու, միևնույն է, մեզ միշտ քիչ է թվում: Դեռևս այնքան շատ բան կա տեսնելու, իմանալու, զգալու, հասկանալու, որ պետք չէ աննշան բաների վրա վատնել ձեր թանկարժեք ժամանակից անգամ մեկ վայրկյան: Հնարավորություններն իրականում անվերջ են:

Դուք կարող եք դառնալ այն մարդը, ով երազում եք դառնալ, անել ձեր յուրաքանչյուր ցանկացածը. ի վերջո, դուք կարող եք փոխել այս աշխարհը: Ամեն օր փորձեք ինչ-որ նոր բան: Փորձեք նոր բան սովորել, և, եթե կասկածում եք, հիշեք, որ միշտ էլ ավելի լավ է զղջալ կամ փոշմանել արածի համար, քան չարածի: Այդ պատճառով էլ, եթե դուք ինչ-որ բան եք արել, կամ ձեզ թվում է, թե դրանից ոչինչ չեք ստացել, հիշեք, որ ձեռք եք բերել անգին փորձ, որ ինքնին շատ կարևոր է:

Փորձն ամեն ինչ է: Այն օգնում է ձեզ տարբերել լավը վատից, ճիշտը սխալից: Փորձը ձեզ հետ է պահում նոր, նմանատիպ սխալներ կատարելուց, բայց մի վախեցեք այդ սխալներից, քանի որ, ինչպես հայտնի է, սխալ չի գործում նա, ով ոչինչ չի անում: Ձեր կատարած սխալների նկատմամբ պատասխանատվություն կրեք և աշխատեք դրանք ուղղել, ապա չկրկնել: Ներեք ուրիշների կատարած սխալները և նրանց նոր հնարավորություն տվեք:

Ոչ ոք հատուկ ու մտածված սխալներ չի անում, ոչ ոք կանխամտածված իրեն վատ չի պահում: Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում այլ մարդկանց կյանքում: Այդ պատճառով էլ միմյանց վերաբերվեք այնպես, ինչպես ինքներդ ձեզ կվերաբերվեք:

Ներողամիտ եղեք այլ մարդկանց նկատմամբ ճիշտ այնպես, ինչպես ինքներդ ձեր նկատմամբ կլինեիք:

Հարգեք յուրաքանչյուրին, վստահեք և, ամենակարևորը, սիրեք ձեր կյանքում եղած յուրաքանչյուր մարդու: Ձեզ նույնպես սեր է պետք: Մի ամաչեք փնտրել այն ու մի ամաչեք արտահայտել ձեր սերը: Կյանքը չափազանց կարճ է ամաչկոտ և անհամարձակ լինելու համար:

Պարեք այնպես, ասես ձեզ ոչ ոք չի տեսնում, երգեք ամբողջ սրտով, ծիծաղեք լիաթոք և լաց եղեք երեխայի նման: Պետք է ծերանա միայն ձեր մարմինը, բայց ոչ երբեք՝ ձեր սիրտը: Մտածեք ապագայի մասին, բայց մի անհանգստացեք նրա համար: Հիշեք անցյալը, բայց մի կորցրեք ձեզ անցյալի ոլորաններում:

Դուք դեռ շատ լավ ու ծանր ժամանակներ եք ունենալու: Մի պարծեցեք, երբ ամեն բան լավ է դասավորվում, և մի կորցրեք հույսը, երբ ամեն ինչ ծայրահեղ վատ է: Մի կենտրոնացեք ձեր հաջողությունների վրա, և երբեք մի մեղադրեք ուրիշներին նրանց անհաջողությունների համար:

Պարզապես շարունակեք առաջ շարժվել: Շարունակեք երջանկություն սփռել ամենուր: Եվ միշտ հիշեք, որ դուք աշխարհ եք եկել միայն մի առաքելությամբ՝ այս աշխարհն ավելի կատարյալ ու զարմանալի դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել